Թուրքիայում Հայաստանի դեսպանության բացումը մոտ ապագայում օրակարգում չէ, սակայն երկրներն աշխատում են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ։ Այս մասին A Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։
«Մոտ ապագայում [Հայաստանի դեսպանատան բացումը] կարող է տեղի չունենալ, քանի որ նախ պետք է այլ քայլեր ձեռնարկել, մենք բացել ենք մեր օդային տարածքը Հայաստանի համար, բեռնափոխադրումներ են իրականացվում, փոխադարձ օդային հաղորդակցություն է սկսվել։ Բայց ցամաքին անցակետեր բացելու համար, քաղաքական պայմաններին զուգահեռ, նախ պետք է ճանապարհներ պատրաստել, վերականգնել կամուրջը։ Եվ մենք արդեն ունենք կամուրջի կառուցման պայմանավորվածություններ»,- ասել է նա։
Սակայն Չավուշօղլուն մանրամասնել է, որ ցամաքային սահմանի բացումը ենթադրվում է իրականացնել «դիվանագիտական անձնագրերի սեփականատերերի կամ երրորդ երկրների շարքային քաղաքացիների համար»։
Միևնույն ժամանակ, Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ յուրաքանչյուր քայլ, որ ձեռնարկվում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, կատարվում է Ադրբեջանի հետ խորհրդակցություններից հետո։