Թուրքիայում շահագործման են հանձնել սեփական արտադրության առաջին ավիակիրը

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել ռազմանավը շահագործման հանձնելու առիթով, Ստամբուլ, 10 ապրիլի, 2023թ.

Թուրքիայում տեղի է ունեցել սեփական արտադրության առաջին դեսանտային ռազմանավը երկրի ռազմածովային ուժերին փոխանցելու հանդիսավոր արարողությունը:

Anadolu անվամբ ավիակիրը շահագործման են հանձնել Ստամբուլի նավահանգստում, որտեղ ելույթով հանդես է եկել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդոողանը:

Anadolu նավի վրա կտեղակայվեն Bayraktar TB3 տեսակի անօդաչու թռչող սարքեր: Էրդողանն այդ կապակցությամբ ասել է, որ այդ նավն աշխարհում առաջինն է, որը նախատեսված է հարվածային ԱԹՍ-ներ փոխադրելու համար:

«Շնորհիվ այդ նավի, Թուրքիան կհայտնվի տեխնոլոգիաների, համակարգերի և լուծումների միջոցով տեղում փոփոխություններ ապահովող աշխարհի առաջատար երկրների շարքում»,- ասել է Էրդողանը:

Ռազմանավն, ըստ նախագահի, ոչ միայն կհզորացնի թուրքական նավատորմն, այլև կընձեռի Թուրքիայի տարածքային ջրերից շատ հեռու շրջաններում անհրաժեշտ գործողություններ անցկացնելու հնարավորություն: