Աստանա այց կատարած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ղազախ պաշտոնակից Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ ասուլիսում ի շարս այլ թեմաների խոսել է նաև հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի մասին:
Նա ասել է, որ Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի վրա աշխատանքը հարթ չի ընթանում, սակայն Ադրբեջանը մտադիր է բարելավել հարաբերությունները հարևանի հետ:
«Ես տեղեկացրեցի գործընկերոջս {Ղազախստանի նախագահին} {Հայաստանի հետ} բանակցային գործընթացի ներկայիս վիճակի մասին: Մենք հաստատակամ ենք հարաբերությունները կարգավորելու խնդրում: Հենց Ադրբեջանն է առաջարկել սկսել աշխատանքը խաղաղ պայմանագրի վրա, այն արդեն ընթանում է, սակայն ամեն բան չէ այնքան հարթ, որքան մենք կցանկանայինք»,- ասել է Ալիևը:
Նրա փոխանցմամբ, այլընտրանք չկա, քանի որ հարևանների միջև պետք է լինեն բնականոն հարաբերություններ:
Ալիևի փոխանցմամբ, Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն հաստատել, «չնայած գրավման երեսուն տարիների ծանրագույն պատմությանը, զրկանքներին և տառապանքներին, որոնք կրել է Ադրբեջանի ժողովուրդը և ավերածություններին, որոնք Ադրբեջանը հիմա պետք է վերականգնի»:
«Մենք առաջ ենք նայում և համարում ենք, որ կա ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված սահմանների անխախտելիության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, միջազգային բոլոր հիմնարար նորմերի և սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագրին հասնելու և թշնամության բազմամյա պատմության էջը փակելու հնարավորություն»,- ասել է Ալիևը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: