Բնունիս մտած երկու ադրբեջանցիներից մեկին բռնել են, մյուսին փնտրում են․ Սիսիանի համայնքապետ

Սիսիանի Բնունիս համայնքի բնակիչները «Ազատության» հետ զրույցում պատմեցին, թե ինչպես են ադրբեջանցիները ուշ գիշերով երկար թակել գյուղի բնակիչներից մեկի դուռը, տան տիրուհին՝ Շողիկ Մաթևոսյանը, դուռը բացել է, տեսել է դիմակավորված զինվորականների։ Տանն այդ պահին եղել են նաև մանկահասակ երեխաներ։

Ընտանիքի անդամներն առայժմ չեն ցանկանում խոսել կատարվածի մասին։ Հարևաններն են պատմում մանրամասները:

«Դուռը բացել ա, տեսել ա երկու հոգի՝ վայեննի շորերով, մասկեքը քաշած, մի քիչ էլ մութ ա եղել, դե որ տեսել ա, վախեցել ա, առավոտը շուտ, որ տենց տեսնի, ի՞նչ կանի, դե չի իմացել թուրք ա, հայ ա, չեն խոսացել, որ տեսնան գոնե ադրբեջանցի են, թե հայեր են, ոչ մի բառ չեն խոսացել: Որ դուռը ծածկել ա, իրանք թողել են գնացել», - պատմեց գյուղի բնակիչներից մեկը:

Հարևաններից մեկն էլ ներկայացրեց. - «Կինը գիշերը դուրս ա եկել՝ 4:30-5-ի սահմաններում, ասում ա՝ դուռը թակել են, բացել ա տեսել ա զինվորական մարդիկ են, վախեցել ա, հրել ա, դուռը փակել ա ու զանգել ա ոստիկանություն, իրանք էլ եկել են, ուսումնասիրել են, դաշտերն են նայել, ճանապարհները, ոչ մի հետք չկա, տենց էլ չեն իմացել ովքեր են: Մեր կողքի գյուղում՝ Աշոտավանում երիտասարդները իրանց բռնել են»:

Ավելի վաղ Սիսիանի համայնքապետն «Ազատությանը» փոխանցել էր, որ Բնունիս գյուղ մտած ադրբեջանցիները երկուսն են։ Մեկն արդեն ձերբակալվել է, մյուսին դեռ չեն հայտնաբերել, որոնումը շարունակվում է։ Ընդ որում, ադրբեջանցիներն, ըստ Արմեն Հակոբջանյանի, սկզբում Բնունիսում է եղել, ավելի ուշ բնակիչները նրանցից մեկին հայտնաբերվել են Աշոտավան գյուղի փողոցներից մեկում։

Ինչպե՞ս են ադրբեջանցիները ներթափանցել Հայաստանի տարածքի խորքը, պարզ չէ

Սիսիանի Բնունիս և Աշոտավան համայնքները բավական հեռու են ադրբեջանական դիրքերից, Ադրբեջանի հետ սահմանից ուղիղ գծով մոտ 20 կմ հեռավորության վրա։ Թե ինչպե՞ս են ադրբեջանցիները անարգել ներթափանցել Հայաստանի տարածքի խորքը, պարզ չէ։

Սիսիանի համայնքապետը միայն տեղեկացրեց, որ ադրբեջանցին, ում բնակիչները բռնել են, քաղաքացիական հագուստով է եղել։ Տելեգրամյան ալիքներում տարածված կադրերում նույնպես երևում է, որ ադրբեջանցին զինվորական համազգեստով չէ։

«Գյուղի ժողովուրդը մեկին բռնել է, մյուսին դեռ չեն հայտնաբերել, հիմա համապատասխան մարմինները զբաղվում են ամբողջ տարածքում: Աշոտավանի փողոցից են բռնել», - պատմեց Սիսիանի համայնքապետը:

Ի դեպ, «Ազատության» տեղեկություններով, ձերբակալված ադրբեջանցին հրազեն չի ունեցել, բայց նրա մոտ դանակ է հայտնաբերվել։

Ավելի ուշ Պաշտպանության նախարարությունը հաստատեց, որ այս գիշեր ժամը 1-2 ընկած ժամանակահատվածում, Հայաստանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայող: Ըստ Նախարարության՝ ձերբակալված ադրբեջանցին ասել է, թե իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են:

Բնունիսում գյուղացիները խոսում էին երրորդ ադրբեջանցու մասին

Ռազմական գերատեսչությունը, սակայն չի հստակեցնում, արդյոք ադրբեջացնու հայտնած տեղեկությունից բացի, կա՞ն ճշտված տվյալներ, որ սահմանը ադրբեջանցի հենց 2 զինծառայող է հատել, թե՞ նրանց թիվն ավելի շատ է, հատկապես, որ Բնունիսում գյուղացիները խոսում էին երրորդ ադրբեջանցու մասին։ Ամեն դեպքում, ըստ նրանց, տեսախցիկները ֆիքսել են 3-ին։

«Հարևանը տեսախցիկներ ունի, որ զանգը տվել են, լույսը վառել ա, էդ երեք հոգուն տեսել ա, տեսախցիկը ֆիքսել ա, հետո էդ կինը փակել ա, թողել են գնացել են», - ասաց գյուղացիներից մեկը:

Պարզ չէ նաև թե ինչպե՞ս է ադրբեջանցիներին հաջողվել անարգել 20 կիլոմետր խորանալ Հայաստանի տարածքում և ի՞նչ նպատակով։ Հասկանալի չէ նաև թե ինչո՞ւ է ձերբակալված զինծառայողը քաղաքացիական հագուստով եղել, որտե՞ղ են եղել նրան ամրակցված զենքերը և այլն։ Ազգային անվտանգության ծառայությունը ողջ օրվա ընթացքում որևէ պարզաբանում չներկայացրեց։

Այսօր կեսօրին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Նախիջևանի Շահբուզ շրջանի ուղղությամբ ադրբեջանցի երկու զինծառայողներ են մոլորվել՝ «անբարենպաստ եղանակային և սահմանափակ տեսանելիության պայմաններում»։

Եթե զինվորները մոլորվել են, ինչպես պնդում է Բաքուն, ապա տարօրինակ է, թե ինչո՞ւ էին նրանք ետ գնալու փոխարեն, առաջ շարժվել, դեպի Հայաստանի տարածքի խորքը։

Բնունիսում պնդում են՝ ապահովության զգացողությունը կորցրել են

Մինչ համապատասխան մարմինները փնտրում են Հայաստան ներթափանցած ադրբեջանցիներին, Բնունիսում ադրբեջանական գիշերային այցելությունից հետո գյուղացիները սկսել են դռները կողպել, 70-ամյա Խաչիկ Մանուչարյանն ասում է, թե այլևս ապահովության զգացողությունը կորցրել են։

«Հիմա էդ դեպքից ելնելով էդ պուճուր դարպասն էլ փակում ենք գալիս, էս դուռն էլ՝ փակում: Ի՞նչ իմանաս մարդիկ ինչ կանեն, դու պիտի քեզ ապահովագրես, չէ՝ չէ», - նշեց Մանուչարյանը:

Մինչ Բնունիսի համայնքապետը պնդում էր, թե գյուղում խուճապ չկա, իրենք բնակիչները խոսում են գյուղում իրավապահ մարմինների կողմից հերթապահություն անցկացնելու անհրաժեշտության մասին՝ խուճապը կանխելու համար։

«Հերթապահություն պիտի նշանակեն, զենք տան, որ էդ մարդիկ նայեն էդ ժողովրդին, որպեսզի ժողովուրդը խուճապի մեջ չլինի, խուճապ կա: Սիսիանից մերոնք զանգել են, թե ինչի՞ եք մնում, վեր կացեք, եկեք, դե մի օր եկանք, երկու օր եկանք, ամեն օր գնալ-գալով չես կարա անես», - ընդգծեց Մանուչարյանը: