Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հայաստանի կառավարության փոխանցմամբ, քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը։ Այդ ճգնաժամի հաղթահարման համատեքստում Փաշինյանը կարևորել է Ռուսաստանի խաղաղապահ առաքելության կողմից հետևողական քայլերի իրականացումը:
Հայկական կողմը նաև նշում է, որ քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունների իրականացմանը, այդ թվում՝ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակվել նաև հայ-ռուսական հարաբերությունների և դրանցում տեղի ունեցող այլ զարգացումների շուրջ:
Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ, հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։
Հաղորագրության համաձայն, նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը քննարկել են «Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի տարբեր ասպեկտներ»։
«Այս համատեքստում կրկին հաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռքբերված հիմնարար պայմանավորվածությունների հետևողականության իրականացման կարևորությունը», - հայտնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ խոսքն «այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության ապահովման, Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հետ կապված և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման» մասին է։
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսով վերջին անգամ զրուցել էին մարտի 13-ին՝ կրկին հայկական կողմի նախաձեռնությամբ։ Փաշինյանն «անդրադարձել էր մարտի 5-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ահաբեկչական գործողությանը», որի հետևանքով արցախցի 3 ոստիկան սպանվեց, մեկը վիրավորվեց: ԼՂ ճգնաժամի հաղթահարման համար Փաշինյանը կարևորել էր ՌԴ-ի կողմից հասցեական արձագանքը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկական կողմի նախաձեռնությամբ Փաշինյանն ու Պուտինը զրուցել են հեռախոսով