Պենտագոնը փորձում է պարզել Կիևին օգնելու պլանների մասին գաղտնի նյութերի արտահոսքի աղբյուրը. NYT

ԱՄՆ պաշտպանության նախարարության համալիրը՝ Պենտագոնը, Վիրջինիա նահանգ

Ուկրաինական բանակի կողմից պատրաստվող հարձակման նախաշեմին Պենտագոնը փորձում է բացահայտել Ուկրաինային օգնելու պլանների մասին գաղտնի նյութերի արտահոսքի աղբյուրը, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։

Ըստ The New York Times-ի՝ այդ նյութերը վերջին օրերին հայտնվել են սոցիալական ցանցերում։

Թերթի տվյալներով՝ նյութերում տեղեկություններ կան հարձակման նախապատրաստվող ուկրաինական ստորաբաժանումներից առնվազն մի քանիսի կազմի և սպառազինությունների մասին։ Փաստաթղթերում նշված 12 բրիգադներից 9-ը զինվում են Ուկրաինայի արևմտյան դաշնակիցների օգնությամբ։ Դրանք վերազինելու համար, ըստ փաստաթղթերի, կպահանջվի 250 տանկ և 350 հետևակի մարտական մեքենա։

Փաստաթղթերում, ինչպես նշում են թերթի զրուցակիցները, չեն պարունակվում Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից ծրագրված հարձակման պլանները։

Փաստաթղթերի մի մասը, որոնք տեղեկություններ են պարունակում Ռուսաստանի և Ուկրաինայի կորուստների մասին, ըստ The New York Times-ի աղբյուրների, կեղծված տեսք ունեն։