Հայաստանի անունը հեռացվել է «Պաշտպան 2023» զորավարժությունների մասնակիցների ցանկից (լրացված)

Արխիվ

ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքում խմբագրվել է «Պաշտպան 23» զորավարժության մասին հոդվածը, և Հայաստանը հանվել է մասնակիցների ցանկից։

Երևանն ավելի վաղ չէր մեկնաբանել Միացյալ Նահանգների կազմակերպած զորավարժություններին մասնակցության մասին Պենտագոնի հաղորդումը, և հիմա էլ որևէ արձագանք հայկական կողմից չկա։

Զորավարժություններն անցկացվելու են ապրիլի 22-ից եվրոպական տասը երկրներում։

Պենտագոնն այսօր հաղորդել է, որ զորավարժությունների նպատակն է ի ցույց դնել ԱՄՆ բանակի կարողությունները՝ արագ տեղակայել մարտունակ զորքեր և տեխնիկա՝ երաշխավորելու դաշնակիցների անվտանգությունը, զսպելու Եվրոպայում խաղաղությանը սպառնացողներին և աշխարհամասը պաշտպանելու ագրեսիայից: Զորավարժությունները, ըստ ամերիկյան կողմի, նաև պետք է ցույց տան եվրոպական երկրների հանձնառությունը՝ մեծացնելու սեփական բանակի մասշտաբները, կարողությունները և փոխգործունակությունը:

Ակնկալվում է, որ մոտ 9 հազար ամերիկացի զինվորական է մեկնելու Եվրոպա՝ մասնակցելու զորավարժություններին։ Իսպանիայում արդեն տեղակայվում է ամերիկյան մոտ 7 հազար միավոր տեխնիկան, ևս 13 հազար միավոր էլ Եվրոպայում ամերիկյան տարբեր պահուստներից կգործարկվի։

Պենտագոնի կազմակերպած «Պաշտպան» զորավարժություններն անցկացվում են 2021 թվականից, հետխորհրդային երկրներից այս տարի դրանց ներգրավված են միայն Վրաստանը և Մոլդովան։ Մասնակից պետությունների շարքում են Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իտալիան, Կոսովոն, Չեռնոգորիան, Նիդեռլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան և Միացյալ Թագավորությունը: