Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն, Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան չորս աշխատակիցներ հայտարարվել են persona non grata՝ անցանկալի անձ և պարտավոր են լքել երկիրը:
Այսօր ավելի վաղ Ադրբեջանի իրավապահները հայտնել են վեց անձի ձերբակալության մասին:
Ըստ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և Գլխավոր դատախազության, այդ անձինք կապեր ունեն Իրանի հատուկ ծառայությունների հետ և Ադրբեջանում դավադիր եղանակով կրոնապետություն ստեղծելու նպատակ են հետապնդել:
«Ապրիլի 6-ին ԱԳՆ է կանչվել Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին: Նա տեղեկացվել է, որ իրանցի չորս դիվանագետներ, որոնց գործողությունները հակասում են դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961 թվականի համաձայնագրին, հայտարարվել են «անցանկալի անձ» և 48 ժամում պետք է հեռանան»,- ասվում է Ադրբեջանի արտաքին գերատեսչության հաղորդագրությունում:
Վերջին ժամանակաշրջանում Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները խիստ սրվել են: Երկու մայրաքաղաքներում փոխադարձ սպառնալիքներ են հնչեցվում:
Ադրբեջանում ձերբակալվել են մեծ թվով մարդիկ, ովքեր մեղադրվում են Իրանի աջակցությամբ երկրում արմատական կրոնական գաղափարներ քարոզելու, ապակայունացնող գործողությունների դիմելու, ինչպես նաև օրենսդիրներին թիրախավորելու համար:
Թեհրանն էլ, իր հերթին, խստորեն դատապարտում են Իսրայելի հետ մերձենալու և Իրանի դեմ դաշինք կազմելու բաքվի քաղաքականությունը: