Ալեն Սիմոնյանը ներողություն է խնդրել Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներից

«Ուզում եմ ներողություն խնդրել Հայաստանի Հանրապետության բոլոր ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ», - արձագանքելով օրերս տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քննարկումներին՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Միջադեպի մասին ահազանգած սփյուռքահայ Կարեն Մկրտչյանն, ի դեպ, փաստաբանի փոխանցմամբ, Հայաստանի քաղաքացի չէ, Կանադայի և Հունաստանի քաղաքացիություն ունի։

Դաշնակցական Մկրտչյանը կիրակի օրը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում պնդել էր՝ «դավաճան» ասելու համար Ազգային ժողովի նախագահի թիկնապահները սկզբում իր ձեռքերն են բռնել, ապա Ալեն Սիմոնյանը մոտեցել ու թքել է դեմքին։ Մի շարք հասարակական կազմակերպություններ, դատապարտելով ԱԺ նախագահի պահվածքը, իշխող մեծամասնությունից պահանջել էին Սիմոնյանի վարքը քննել ԱԺ էթիկայի հանձնաժողովում, նաև դիտարկել նրան պատասխանատվության ենթարկելու հարցը։

«Ես ցավում եմ, որ ինձ ուղղված անձնական վիրավորանքից հունից դուրս եկա», - նշել է Սիմոնյանը՝ շարունակելով, - «վստահ եմ, որ արժանապատվություն ունեցող որևէ հայ մարդ չէր հանդուրժի նման վիրավորանքը, սակայն ընտրված պաշտոնյայի վրա դրված բարձր պատասխանատվությունը պիտի զսպող դեր ունենա: Սա նաև դաս է ինձ համար, որովհետև, ամենայն հավանականությամբ, ես և մեր թիմի այլ ներկայացուցիչներ ապագայում էլ կբախվենք նման իրավիճակների հետ: Նաև սա պատշաճ առիթ է քաղաքական ընդդիմության համար, որ վերջինս վերանայի իր հռետորաբանությունը, անձնական վիրավորանքներ հասցնելու իր մարտավարությունը և վերադառնա քաղաքակիրթ բանավեճի դաշտ»: