Իմ ուսումնասիրությունները փաստում են, որ հայկական պնդումները ապացուցող որևէ փաստ չկա. Հուլուսի Աքար

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքար

1915 թվականի իրադարձությունների շուրջ Հայաստանի ու հայկական սփյուռքի դիրքորոշումը հիմնական խոչընդոտն է Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների կարգավորման ճանապարհին, երեկ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:

Հուլուսի Աքարը այս թեմայով ծավալուն դասախոսություն է կարդացել Անկարայի Բիլիմ համալսարանում, որտեղ այս օրերին խորհրդաժողով է անցկացվում`1915 թվականի հայկական իրադարձությունների մասին ուղեցույց մշակելու համար:

«Հայկական հարցը կտրվել է պատմական իրողություններից և օգտագործվել որպես քաղաքական գործիք ավելի քան մեկ դար` հայտնվելով փակուղում: Հայերի միակողմանի քարոզչությամբ գծվել է Օսմանյան կայսրության բացասական պատկերը, մինչդեռ հայերի կողմից թուրքերի կոտորածները մնացել են անտեսված», - հայտարարել է Աքարը:

Նա հիշեցրել է, որ իր դոկտորական թեզը պաշտպանել է հենց այս թեմայով, Աթաթուրքի անվան ժամանակից պատմության համալսարանում հետազոտել է ամերիկացի գեներալ Հարբորդի առաքելությունը, որը Փարիզի հաշտության կոնֆերանսի որոշմամբ Ամերիկայից Հայաստան ու Մերձավոր Արևելք էր ուղարկվել առաջին համաշխարհային պատերազմից հետո:

«Իմ ուսումնասիրությունները փաստում են, որ հայկական պնդումները ապացուցող որևէ փաստ չկա», - հայտարարել է Աքարն ու մոտ քսան րոպե շարունակված ելույթում կրկնել պաշտոնական Անկարայի դիրքորոշումը։ Այն է՝ Ցեղասպանությունը մտացածին է, այդ մասին պնդումները` հրահրված. - «Օսմանյան կայսրության տարածքում գործող արևմտյան առաքելությունները համագործակցել են ծայրահեղ ազգայնական հայկական խմբավորումների հետ, նրանց դրդել անկախության և օգտագործել որպես գործիք` իրենց նպատակներին հասնելու համար: Հայերը սկզբում այդ գաղափարներին չէին աջակցում, նրանց Օսմանյան կայսրությունում «միլլեթ-ի-սադիկա» էին կոչում` չեզոք ժողովուրդ: Բայց գերտերությունները` Միացյալ Նահանգները, Անգլիան, Ֆրանսիան ու Ռուսաստանը, սադրելով հայերին, ձգտում էին հասնել իրենց նպատակներին, ինչն էլ ի վերջո հանգեցրեց հայկական հարցին»:

Աքարը կրկնել է պատմական արխիվները բացելու առաջարկը, որը Թուրքիայի նախագահը ներկայացրել էր Հայաստանի թե' նախորդ, թե' ներկա իշխանություններին: Չորս տարի առաջ՝ հայաստանյան հեղափոխությունից հետո, ապրիլի 24-ին էրդողանը հայտարարել էր, թե Թուրքիայի արխիվները բաց են, և իրենք թաքցնելու ոչինչ չունեն, մինչդեռ «հայկական հարցը շահարկող ոչ մի խումբ և պետություն իր պնդումները չի կարողացել ապացուցել»:

«Այսպես կոչված Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններով լարվածություն ստեղծողներից ոչ մեկին ճշմարտությունը չի հետաքրքրում», - ասել էր Թուրքիայի նախագահը՝ Հայաստանին, ինչպես նաև երրորդ երկրներին կոչ անելով բացել իրենց արխիվները պատմաբանների ուսումնասիրության համար:

Նույնը երեկ նաև պաշտպանության նախարարն է կրկնել. - «Յուրաքանչյուր ոք պետք է գիտենա` պատմությունը չի կարող խմբագրվել այսօրինակ քաղաքական հայտարարություններով, և նրանք, որ այդպիսի դիրքորոշում են որդեգրում, պետք է ամաչեն նայել աշխարհին ու սեփական պատմությանը: Մենք` թուրքերս, բացել ենք մեր արխիվները և պատրաստ ենք պատմաբանների անաչառ հանձնաժողով ստեղծել: Մեր նախագահը ընդգծել է դա ամեն առիթով ու ամեն տեղ: Մենք վերահաստատում ենք մեր կոչը այս թեմայով: Հայաստանն էլ Թուրքիայի նման պետք է բացի իր արխիվները պատմաբանների առջև: Մենք այս մասին բազմիցս ենք ասել, բայց որևէ արձագանք այս առաջարկին դեռ չենք ստացել»։

Թուրքիայի պաշտպանության նախարարը միաժամանակ պնդել է, թե անթույլատրելի է պատմությունից թշնամանք քաղել ու խորացնել հակասությունները. - «Չնայած կատարվածին` Թուրքիան շարունակում է հավատալ, որ հայերն ու թուրքերը, որ դարերով ապրել են հաշտության ու համակեցության մեջ, կարող են հարաբերություններ հաստատել բարեկամության ու համագործակցության շրջանակներում»:

Խոսելով Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հնարավորությունից` Աքարը անմիջապես անդրադարձել է թուրք֊ադրբեջանական հարաբերություններին, հիշատակել Խոջալուն ու կրկին ընդգծել, որ Անկարան եղբայրական Բաքվին երբեք միայնակ չի թողնի: