Ստոլտենբերգ. «Ռուսաստանը դատարկ խոստումներ է տալիս»

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, Բրյուսել, 5-ը ապրիլի, 2023թ.

Նախօրեին Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների համաժողովում քննարկվել է պաշտպանական ծախսերն ավելացնելու անհրաժեշտությունը:

Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, թե մոտ ապագայում յուրաքանչյուր անդամ երկիր պետք է իր համախառն ներքին արդյունքի առնվազն 2 տոկոսը տրամադրի զինված ուժերի հզորացմանը:

Ստոլտենբերգի փոխանցմամբ՝ այսօրվա վտանգավոր աշխարհում թեժ մրցակցություն է, և անվտանգությունը չի կարելի համարել երաշխավորված, եթե դրա համար ներդրում չի արվում:

Դեռ 2014 թվականին Ուելսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշինքի լիդերները որոշել են մեկ տասնամյակում պաշտպանությանն ուղղված յուրաքանչյուր երկրի ծախսը հասցնել դրա ՀՆԱ-ի 2 տոկոսին:

Ռուսների կողմից Ղրիմն արդեն բռնակցվել էր, և ՆԱՏՕ-ի երկրների համար դաշինքի հզորացումը հրատապ հարց էր դարձել:

Այս ընթացքում իրավիճակն է՛լ ավելի է սրվել, քանի որ 2022-ի փետրվարին Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա:

Պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 2 տոկոսին հասցնելու որոշումը պետք է ընդունվի այս տարվա հուլիսին Լիտվայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:

Երեկվա հավաքում Ստոլտենբերգը վերստին խոսել է Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության ու, մասնավորապես, Բելառուսի տարածքում մարտավարական նշանակության միջուկային զենք տեղակայելու որոշման մասին, հիշեցնելով, որ այդ հայտարարությունից ընդամենն օրեր առաջ Ռուսաստանը և Չինաստանը հրապարակել են համատեղ հռչակագիր, որով պարտավորվել են միջուկային զենք չտեղակայել իրենց սահմաններից դուրս:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բելառուսի զինուժն արդեն միջուկային զենք կիրառելու կարողություն ունի. Շոյգու

«Բելառուսում տակտիկական միջուկային զենք տեղակայելու մասին հայտարարությունը հրապարակվել է ռուս-չինական համաձայնության ընդունումից հետո: Սա ընդամենն ապացուցում է, որ Ռուսաստանը դատարկ խոստումներ է տալիս, մենք պետք է ամենայն ուշադրությամբ հետևենք Ռուսաստանի քայլերին», - ասել է Ստոլտենբերգը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ձեզ լավ պահեք թանկագին ընկեր». ավարտվեց Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի այցը Մոսկվա

Երեկ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ Ռուսաստանի կախվածությունը Չինաստանից հետզհետե ավելի նկատելի է դառնում:

Մասամբ դա բացատրվում է Ուկրաինայի պատերազմի առնչությամբ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներով:

Ռուսները չինացիներից քաղաքական և նյութական աջակցություն են ակնկալում: Չինաստանը չի ճանաչում ուկրաինական տարածքների բռնակցումը, բայց և ուղիղ ու միանշանակ չի դատապարտում Ռուսաստանի հարձակումը հարևանի վրա: