Ութնամյա ընդմիջումից հետո Իրանը դեսպան նշանակեց ԱՄԷ-ում

ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիի համայնապատկեր, արխիվ

Ութ տարվա ընդմիջումից հետո Իրանը Արաբական Միացյալ Էմիրություններում դեսպան է նշանակել։ IRNA պետական լրատվական գործակալության համաձայն՝ Աբու Դաբիում Իրանի դիվանագիտական առաքելությունը կգլխավորի Ռեզա Ամերին։

Անցած տարվա սեպտեմբերին էլ Թեհրանն էր ողջունել վեցամյա բացակայությունից հետո Էմիությունների դեսպանի վերադարձը։

Երկու երկրների միջև դիվանագիտական կապերի վերականգնումը տեղի է ունենում Ծոցի երկրների հետ Թեհրանի հարաբերությունների ջերմացման ֆոնին:

ԱՄԷ-ն նվազագույնի էր հասցրել Իրանում դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև լարվածության ֆոնին. Թագավորությունում շիա հոգևորականի մահապատժից վրդովված իրանցի ցուցարարները հարձակվել էին Իրանում գտնվող դիվանագիտական ներկայացուցչությունների վրա։

Անցած ամիս Սաուդյան Արաբիան և Իրանը համաձայնել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և երկու ամսվա ընթացքում վերսկսել իրենց դեսպանությունների աշխատանքը։ Այս պայմանավորվածությունից հետո Սաուդյան Արաբիայի թագավորն Իրանի նախագահին Ռիյադ այցելելու հրավեր է ուղարկել: