Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռուսական լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր առաջին անգամ պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան, հաղորդում է TVN 24-ը՝ հղում անելով Լեհաստանի նախագահի միջազգային քաղաքականության գրասենյակի ղեկավար Մարցինա Պշիդաչին։
Այցի շրջանակներում Զելենսկին կհանդիպի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի, վարչապետ Մատեուշ Մորավեցկիի, մի շարք նախարարների հետ, ինչպես նաև ուղերձով կդիմի լեհերին և ուկրաինացի փախստականներին։
RMF FM-ի ղեկավարի խոսքով՝ այցի ընթացքում պետությունների ղեկավարները կքննարկեն Ուկրաինային ռազմական օգնության, երկրի վերականգնման, ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցերը:
Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը պաշտոնապես չի հայտարարել Զելենսկու՝ Լեհաստան այցի մասին, փոխարենն այդ մասին ապրիլի 3-ին հաղորդել է Լեհաստանի նախագահի գրասենյակը։
Զելենսկին և Դուդան պաշտոնական մակարդակով հանդիպել են 2022 թվականի օգոստոսին. Լեհաստանի նախագահը ժամանել էր Ուկրաինա՝ երկրի Անկախության օրվա առթիվ։ Պետությունների ղեկավարները հանդիպել են նաև 2022 թվականի դեկտեմբերին և 2023 թվականի փետրվարին լեհական Ժեշուվում՝ իրենց աշխատանքային այցերի շրջանակներում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լեհաստանի, Լիտվայի, Էստոնիայի և Լատվիայի նախագահներն Ուկրաինայում են