Մենք փորձում ենք չսահմանափակվել համերգային ծրագրերով. Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն

Արտյոմ Նաղդյան, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի և Առնո Բաբաջանյան համերգասրահի տնօրեն

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի և Առնո Բաբաջանյան համերգասրահի տնօրեն Արտյոմ Նաղդյանը պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում կարողացել է ամբողջովին վերափոխել թե' Հանրապետության հրապարակի հարևանությամբ, Աբովյան 2 հասցեում գտնվող Առնո Բաբաջանյան համերգասրահի, թե' պետական ֆիլհարմոնիայի գործունեությունը՝ առավել սերտորեն համագործակցելով մեր ժամանակակից արվեստագետների, թանգարանների, երաժշտական համույթների, նկարիչների ու գրողների հետ։

Վերջերս այնտեղ ներկայացվել էին անվանի գեղանկարիչներ Ռուդոլֆ Խաչատյանի և Վլադիմիր Աբրահամյանի ստեղծագործությունների ցուցահանդեսները, ինչը վկայությունն է Ժամանակակից արվեստի թանգարանի հետ ակտիվ համագործակցության։

Ինչպես «Ազատության» հետ զրույցում ընդգծում էր 32-ամյա, բազմաթիվ նախագծերի մասնակցած, նաև մի շարք հեղինակավոր մրցույթների դափնեկիր դարձած թավջութակահար Արտյոմ Նաղդյանը. - «Իրականում մենք առաջին անգամ չի, որ համագործակցում ենք Ժամանակակից արվեստի թանգարանի հետ։ Սա արդեն մեր երկրորդ համագործակցությունն է. 2021 թվականի ընթացքում ունեցել ենք Ժանսեմի և Գառզուի ցուցադրությունները։ Եվ դա շատ լավ առիթ հանդիսացավ հանրության ներկայացնել վերաբացված ճեմասրահները, որովհետև, ցավոք սրտի, դրանք փակ էին երկար տարիներ։ Մենք պետք է հասկանանք, թե մենք ինչ շենքի հետ գործ ունենք, և դա շատ էական է։ Կարևոր պետական նշանակության շենք, շենք, որի կառուցումը սկսվել է դեռևս 1890-ականներին, ավարտվել է 1900-ականներին։ Շենք, որը որ այդ թվականներին մշտապես եղել է Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում։ Երբեմնի բոլոր կարևոր իրադարձությունների մեծ մասը տեղի է ունեցել այս շենքում։ Առաջին Հանրապետության հռչակագրի ստորագրումը տեղի է ունեցել այս շենքում։ Շենքը կառուցվել է որպես առաջին արական գիմնազիա, որից հետո եղել է այստեղ առաջին մատենադարանը։ Որպես մատենադարան չի գործել, բայց ամեն ինչ բերել են ստեղ։ Էն ժամանակ ինչ լինում էր, կարևոր պետական շենք էին տանում։ Հայաստանի Հանրապետության առաջին ազգային ժողովը եղել է այս շենքում։ Հետո եղել է Թամանյանի հուղարկավորություն, եղել է Կոմիտասի հուղարկավորություն։ Ու 1919 թվականից ստեղ գործել ա Կուլտուրայի տունը, որը որ փաստացի եղել ա ֆիլհարմոնիա։ Մենք ունենք 104 տարվա պատմություն»։

«Ազատության» դիտարկմանը, թե այդպիսի պատմությունը նաև իր արդյունքը պիտի ունենա, Նաղդյանն արձագանքեց. - «Բնականաբար։ Ու մեր համար գլխավոր արդյունքն է շենքի դեմքը, ֆասադը։ Մինչև մենք ստեղ ունենք կաֆե ու պաղպաղականոց, մենք չենք դառնալու նորմալ ֆիլհամոնիա։ Ու էս ուղիղ արտացոլումն ա Հայաստանի պատմության, էս շենքից ա սկսվել հրապարակը, էս շենքից ա սկսվել թանգարանը։ Ամեն ինչ իրա շուրջն են սարքել»։

Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղակայված Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, տնօրենի խոսքով, իրականացնում է նաև բազմաթիվ կրթամշակութային ծրագրեր դպրոցականների համար արվեստի տարբեր բնագավառներում։ Համերգներ, ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ, գրքերի շնորհանդեսներ՝ ակտիվ մշակութային գործունեություն, որն անտարբեր չի կարող թողնել արվեստասերներին։

Այդուհանդերձ, տնօրենը ներկայացնում է նաև որոշ խնդիրներ, որ մինչ այժմ չեն կարողացել լուծել և պետության աջակցության կարիքն ունեն. - «Ինչ վերաբերում է Առնո Բաբաջանյան համերգասրահի գործունեությանը, մենք շատ ու շատ ակնկալում և սպասում ենք պետությունից ռոյալ։ Որովհետև առանց համերգային ռոյալի մեր գործունեությունը իրոք շատ բարդ է կատարել։ Ու էդ էն ծախսերն ա, որ եթե մենք տոմս ենք վաճառում և մենք գումար ենք վաստակում, մենք պրոեկտներ ենք անում, որի հասույթը բավականին գումարներ են կազմում, բայց իրանք բավարար չեն, որ 200 հազար դոլարով ռոյալ առնենք։ Թիվն էլ պետք չի նշել, բայց ուզում եմ ասել՝ ռոյալը պիտի պետությունը տա։ Բա ո՞վ պիտի տա ռոյալը... պետությունը։ Մենք վերանորոգեցինք համերգասրահը, մենք մի քիչ փոխարինեցինք էդ սովետական զանավեսկայախառը ամեն ինչը, բայց ինչ վերաբերում ա ակուստիկային, մեր մոտ վստահաբար շատ լավն ա հիմա։ Մենք փորձում ենք չսահմանափակվենք համերգային ծրագրերով։ Եթե ունենք երկու ճեմասրահ, եթե ունենք ներքնահարկ, ապա ինչի՞ չծառայեցնենք էդ տարածքները ու ինչի՞ չանենք այն, ինչ անում ենք։ Մենք ուզում ենք կոնստանտ լինենք մի ՊՈԱԿ, որտեղ միշտ ինչ-որ մի բան կատարվի, որ չզանգեն մեզ ասեն մյուս համերգը մայիսի 17--ին ա, իսկ մյուսը՝ սեպտեմբերի 4-ին... Մենք էլ ենք հասկանում, որ մենք հիմա ապրում ենք փոփոխման փուլում։ Դուրս ենք եկել սովետական կարծրատիպ դարձած համերգային ստերեոտիպներից։ Որը որ ունի արժեք, որը որ որակյալ է, ապա Ֆիլհարմոնիան այդ պրոեկտը անում է»։