Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով՝ «Սպանություն», Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած պայթյունից հետո, որի ժամանակ մահացել է բլոգեր և ռազմական լրագրող Վլադլեն Տատարսկին։
Հաղորդվում է, որ պայթյունից տուժածների թիվը հասել է 30-ի, 24 մարդ հոսպիտալացվել է։
Քննիչները պարզել են Տատարսկու սպանության մեջ կասկածվողների ինքնությունը, հաղորդում են ռուսական պետական լրատվամիջոցները։ Նրանց տվյալներով՝ պայթյունը կազմակերպել է Սանկտ Պետերբուրգի 26-ամյա բնակչուհի Դարյա Տրեպովան, ով, ըստ հետաքննության, պայթուցիկ սարքով արձանիկ է բերել սրճարան, որտեղ ելույթ էր ունենում Տատարսկին։ ТАСС լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ռուսաստանի ներքին գործերի նախարարության որոնողական բազան, հաղորդում է, որ իրավապահ մարմինները Տրեպովայի նկատմամբ հետախուզում են հայտարարել:
Baza Տելեգրամ ալիքը հայտնում է, որ ոստիկանությունը փնտրում է նաև Տրեպովայի ամուսնուն՝ Դմիտրի Ռիլովին։ Նրա բնակարանը խուզարկվում է։ Ռիլովը կասկածվում է սրճարանում տեղի ունեցած պայթյունին հանցակցության մեջ։ Միաժամանակ, նա անձամբ ներկա չի եղել Տատարսկու հետ հանդիպմանը։
SOTA Տելեգրամ ալիքը հաղորդում է, որ ոստիկանությունն անցած տարվա փետրվարին Սանկտ Պետերբուրգում հակապատերազմական ակցիայի ժամանակ ձերբակալել էր ամուսիններին, Ռիլովը դատապարտվել էր 9-օրյա կալանքի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սրճարանում պայթյունից զոհվել է անվանի ռուսաստանցի բլոգեր Տատարսկին (Ֆոմինը)