Ապրիլի 3-ին կմեկնարկի «Խաչմերուկներ» 6-րդ միջազգային երաժշտական փառատոնը

2017 թվականին մի խումբ անվանի երաժիշտների կողմից, կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, Հայաստանում հիմնադրվեց «Խաչմերուկներ» միջազգային երաժշտության փառատոնը, որն այս տարի մեկնարկում է ապրիլի 3-ին և կշարունակվի մինչև ապրիլի 26-ը։

Փառատոնի ընթացքում հայ երաժշտասեր հանրությանը յոթ համերգների միջոցով ներկայացվելու են համաշխարհային ակադեմիական ժամանակակից երաժշտության լավագույն ստեղծագործությունները։ Այս առումով սա եզակի փառատոն է Հայաստանում, որի շնորհիվ ունկնդիրը հնարավորություն է ստանում ծանոթանալ թե' հայ, թե' օտարազգի երաժշտական տարբեր ուղղությունների հարող ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններին։ Փառատոնն այս տարի կացկացվի Երևանում, նաև Գյումրիիում։

Առնո Բաբաջանյան համերգասրահում փառատոնի կազմակերպիչների կողմից այսօր հրավիրված ասուլիսին մաեստրո Տիգրան Մանսուրյանն ընդգծում էր. - «Անչափ կարևոր է այս փառատոնը, քանի որ ներառում է ամբողջ մի շերտ գեղագիտական մտածողության, տեխնիկական միջոցների, լսողական փորձի, մշակութային իրադարձությունների կենդանի հնչողության։ Եվ այս առթիվ յուրաքանչյուրը, որ մասնակից է այս իրադարձությանը, խորին հարգանքի արժանի է»։

«Խաչմերուկներ» ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանն ասաց. - «Մեզ համար շատ մեծ ուրախություն է և պատիվ է հերթական անգամ կազմակերպել «Խաչմերուկներ» փառատոնը՝ թվով վեցերորդ փառատոնը Հայաստանում։ Եվ առավել ուրախալի է, որ մենք արդեն երկրորդ տարին է համագործակցում ենք Ֆիլհարմոնիայի հետ՝ Բաբաջանյանի անվան համերգասրահի հետ, ինչի համար մեծ շնորհակալություն պարոն Ավդյանին, ով մշտապես աջակցում է նորանոր գաղափարներին, և երևի ինքներդ եք տեսնում, թե ինչպես է կերպարանափոխվել այս կառույցը և դարձել Հայաստանի ամենակարևոր կառույցներից մեկը, որտեղ նոր երաժշտությունը և ընդհանրապես նոր արվեստը շատ մեծ դեր ունի։ Այս սկզբունքը նաև շատ կարևոր է մեզ համար՝ ժամանակակից երաժշտության բնագավառում, որովհետև մեր հիմնական նպատակն է, որպեսզի հայ ժամանակակից երաժշտությունը և միջազգային ոլորտում կատարվող պրոցեսները բերենք խաչմերուկի և տեսնենք, թե որտեղ է մեր արվեստը, ինչ դեր ունի միջազգային արվեստը»։

Այս տարի փառատոնի բացման համերգի ընթացքում հայ երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրել կանադահայ անվանի կոմպոզիտոր, դաշնակահարուհի Իվ Էգոյանին։ Սա նրա առաջին համերգն է Հայաստանում։ Էգոյանը շեշտեց, որ իր դաշնամուրային կատարումները յուրահատուկ հնչեղություն են ստանում իր իսկ ստեղծած հատուկ սարքի շնորհիվ, որը նա իր հետ բերել է Հայաստան, և ունկնդիրները հնարավորություն կունենան գնահատել այն ժամանակակից երաժշտությունը, ժամանակակից հայ և արտասահմանյան կոմպոզիտորների այն ստեղծագործությունները, որոնք կներկայացվեն փառատոնի բացման համերգին իր կատարմամբ։

«Ես շատ շնորհակալ եմ, որովհետև դուք յուրահատուկ ծրագիր եք ընտրել, յուրահատուկ ծրագիր է հնչելու համերգի ընթացքում։ Ես նաև անհամբերությամբ սպասում եմ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունը կատարելու համերգի ընթացքում», - ասաց նա։

Մաեստրո Մանսուրյանը նշեց. - «Ես Իվ Էգոյանին երկու բառով պիտի ներկայացնեմ, որովհետև առիթ եմ ունեցել իր հետ շփվելու։ Աշխարհահռչակ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի քույրն է, հրաշալի մտածող դաշնակահարուհի, կոմպոզիտոր։ Մտածող ինչո՞ւ եմ ասում։ Որովհետև մեծ մասամբ տեխնիկական մտածողության իներցիան տանում է իր հետևից, որոնողական ոգին պահանջում է մտքի ակտիվություն։ Իվ Էգոյանը այդ երաժիշտներից է, քիչ թվով երաժիշտներից մեկը մեր»։

Հավելենք, որ այս տարի ևս, ինչպես նախորդ տարիներին, փառատոնի շրջանակներում կայանալիք համերգների ժամանակ տեղի կունենա մի շարք ստեղծագործությունների համաշխարհային պրեմիերաներ, նաև վարպետության դասեր, որոնք կանցկացնի բրիտանահայ անվանի երաժշտագետ, ձայնային տեսաբան Գաշիա Ուզունյանը։

Փառատոնին մասնակցելու նպատակով տարբեր երկրներից Հայաստան կժամանեն հայտնի կոմպոզիտորներ և երաժիշտ կատարողներ։ Փառատոնն իրականացվում Է ԿԳՄՍ նախարարության և «Առնո Բաբաջանյան» համերգասրահի աջակցությամբ։