ՌԴ ԱԴԾ-ը լրտեսության կասկածանքով ձերբակալել է WSJ-ի լրագրողին

Ռուսաստան - Մոսկվայում ԱԴԾ կենտրոնակայանի շքամուտքը, արխիվ

Եկատերինբուրգում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է The Wall Street Journal-ի լրագրող, ամերիկացի Էվան Գերշկովիչը, այսօր հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) հանրային կապերի կենտրոնը։

«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է ՌԴ ԱԳՆ-ում հավատարմագրված ամերիկյան The Wall Street Journal թերթի մոսկովյան բյուրոյի թղթակից՝ ԱՄՆ քաղաքացի, 1991 թվականին ծնված Էվան Գերշկովիչի անօրինական գործունեությունը, ով կասկածվում է ամերիկյան կառավարության շահերի օգտին լրտեսության մեջ», - հայտնել են ՌԴ ԱԴԾ-ից։

Ըստ հաղորդագրության՝ Գերշկովիչը, «գործելով ամերիկյան կողմի ցուցումներով, պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ է հավաքել ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի գործունեության մասին»։

Նախօրեին Եկատերինբուրգում մի քանի լրատվամիջոցներ հաղորդել էին, որ լրագրող Էվան Գերշկովիչն անհետ կորել է: Գործընկերները հայտնել էին, որ նա Եկատերինբուրգ էր մեկնել` հետաքննելու, թե ինչպես է «Վագներ» մասնավոր ընկերությունը հավաքագրում տեղի բնակիչներին` Ուկրաինայի դեմ պատերազմում ներգրավելու համար:

Անվտանգության դաշնային ծառայության քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել ԱՄՆ քաղաքացու դեմ Ռուսաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով՝ «Լրտեսություն»: Լրագրողին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։

WSJ-ը հերքում է իր լրագրողի հասցեին մեղադրանքները և պահանջում անհապաղ նրան ազատ արձակել: