Զինված հարձակման է ենթարկվել Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան։ Ադրբեջանցի քաղաքական գործչի դեմ մահափորձը տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան, ժամեր անց Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է՝ տեղի ունեցածը ահաբեկչություն է։
Նախագահ Իլհամ Ալիևն, իր հերթին, իրավապահներին հանձնարարել է անհապաղ բացահայտել Մուստաֆայի դեմ ահաբեկչությանն առնչություն ունեցած անձանց և պատասխանատվության ենթարկել նրանց։
Սա Ադրբեջանում վերջին 27 տարվա ընթացքում առաջին զինված հարձակումն է պատգամավորի դեմ։
Միջադեպը տեղի է ունեցել երեկ՝ ժամը 21:51-ին Բաքվում։ Ըստ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների՝ Մուստաֆայի տան մոտ անհայտ անձը «Կալաշնիկով» ինքնաձիգով կրակոցներ է արձակել մեքենայում գտնվող պատգամավորի ուղղութամբ, որը պատրաստվում էր մտնել ավտոտնակ։ Կրակոցների հետևանքով վերջինս հրազենային վնասվածքներ է ստացել աջ ուսի, ինչպես նաև աջ ազդրի ստորին հատվածում։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն՝ քաղաքական գործիչն այժմ անհրաժեշտ բուժօգնություն է ստանում, նրա վիճակը գնահատվում է կայուն, կյանքին վտանգ չի սպառնում։
Մինչ այս պահը հարձակումն իրականացրած անձի կամ գործում ներգրավված անձանց հայտնաբերելու, տեղի ունեցածի դրդապատճառների մասին պաշտոնապես չի հաղորդվում:
57-ամյա Մուստաֆան Ադրբեջանում հայտնի և ժողովրդականություն վայելող պատգամավորներից է, նա համարվում էր երկրի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի մերձավոր դաշնակիցներից և Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդներից։ Ալիևների ընտանիքի կառավարման առաջին տարիներին քաղաքական գործիչը հանդես էր գալիս ընդդիմության կոշտ դիրքերից, ապա ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներն են նշում, 2005 թվականից անցել է «կառուցողականների ճամբար» և սկսել պատգամավորական իր գործունեությունը։ 2008 թվականին մասնակցել է նաև նախագահական ընտրություններին և Ալիևի հետ մրցապայքարում ստացել ձայների 2,43 տոկոս քվե։
Մուստաֆան վերջին տարիներին աչքի է ընկել հարևան Իրանի դեմ քննադատությամբ, ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ նրան ներկայացնում են շիա մահմեդականության աճող ազդեցության դեմ պայքարի առաջամարտիկ, հաճախ հեգնական հայտարարություններ էր անում այաթոլաների ռեժիմի հասցեին։
«Առանց որևէ չափազանցության Մուստաֆային կարելի է անվանել Իրանի քաղաքական և կրոնական գերակայության դեմ պայքարի հիմնասյուներից մեկը»,- գրում է ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցներից «Հաքին» պարբերականը, որն առաջիններից էր պնդել՝ Մուստաֆայի դեմ մահափորձը Իրանի ձեռքի գործն է։
Ադրբեջանի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Առուստուն Օրուջլուի կարծիքով՝ զինված միջադեպը որևէ առնչություն չունի Մուստաֆայի հետ։ Օրուջլուի խոսքերով՝ քաղաքական գործիչների վրա հարձակումները մեկ նպատակ ունեն՝ ապակայունացնել իրավիճակը։ Իսկ թե որ երկիրն է կանգնած հանցագործության ետևում, փորձագետը դժվարացել է ասել. «Ես որևէ փաստ, ապացույց չունեմ։ Բայց կարող եմ ասել, որ եթե հարձակում է իրականացվում քաղաքական գործչի, խորհրդարանի անդամի վրա, այդկերպ հասարակությանը հասկացնում են, որ որևէ մեկն այդ երկրում պաշտպանված չէ։ Սա թե քաղաքական, թե հանրային ուղերձ է»։
Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջը երեկ ուշ երեկոյան հիվանդանոցի մոտ, որտեղ առաջին օգնությունն էր ստանում Մուստաֆան, լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, թե տեղի ունեցածը քաղաքական դրդապատճառներ ունի։ Քաղաքական գործիչը, այդուհանդերձ, փակագծեր չի բացել։ Ավելի ուշ «Թուրան» գործակալության հետ զրույցում նա պատահական չի համարել, որ զինված միջադեպը տեղի է ունեցել Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման նախաշեմին։
Իրանի հասցեին դեռևս անուղղակի այս մեղադրանքներին Թեհրանից առայժմ արձագանք չկա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանն առաջին անգամ դեսպանատուն է բացում Իսրայելում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տարածաշրջանում միջազգային միջամտությունը դրությունն ավելի է բարդացնում. Իրանի ԱԳ նախարարԲաքուն ահաբեկչություն էր որակել նաև ուղիղ երկու ամիս առաջ Իրանի մայրաքաղաքում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած զինված միջադեպը, որի հետևանքով մեկ մարդ սպանվել, երկուսը վիրավորվել էին։ Հարձակվողը ձերբակալվել է, հետաքննությունը շարունակվում է, Ադրբեջանի իշխանությունները ժամանակ առ ժամանակ դժգոհում են իրանցի իրավապահների դանդաղկոտությունից։ Միջադեպի հաջորդ օրերին Ադրբեջանի կառավարությունը տարհանել է դեսպանատան աշխատակիցներին, և մինչ օրս երկու երկրների հարաբերություններում լարվածությունը չի մարում։
Դեսպանատան զինված միջադեպը, ինչպես Իրանի դեսպանին Ադրբեջանի արտգործնախարարությունում են ասել, «էլ ավելի է սրել առանց այդ էլ բարդ փոխհարաբերությունները»։
Ադրբեջանը վաղուց է Իրանին մեղադրում ղարաբաղյան հակամարտության հարցում հայամետ դիրքորոշման համար։ Թեհրանն, իր հերթին, ընդդիմանում է Հայաստանից միջանցք ստանալու Ադրբեջանի պահանջին, որի հետևանքով կարող է փոփոխվել հայ-իրանական սահմանը։
Իրանը մտահոգված է նաև իր հակառակորդ Իսրայելի հետ Ադրբեջանի ամուր և զարգացող կապերով։
Այսօր այն նույն ժամերին, երբ Ադրբեջանի արտգործնախարարը մասնակցում էր Իսրայելում Ադրբեջանի առաջին դեսպանատան բացման արարողությանը, Մոսկվայում Իրանի դիվանագիտությսն ղեկավարի հետ հանդիպմանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, թե իրանա-ադրբեջանական տարաձայնությունները շուտով կհարթվեն։
«Մենք հուսով ենք, որ Բաքվի և Թեհրանի միջև հարաբերություններում առկա հակասությունները ժամանակավոր բնույթ են կրում, և դրանք հնարավորինս արագ կհաղթահարվեն», - ասել է նա։