Ազատի զինվորական կացարանում զոհված զինծառայողների ծնողները վաղը 20 հարցով կգնան զինվորական դատախազի հետ հանդիպման։
«Գլխավոր հարցն այն է լինելու, որ երկուսուկես ամիս մոտավորապես արդեն անցել է, ի՞նչ աշխատանք եք կատարել դուք տվյալ ուղղությամբ, բացի մեկը մեկի հակասական ցուցմունքները և այլն, ընդհանրապես մտադի՞ր եք այս գործը բացահայտել, թե՞ չէ, քնած տեղը 15 զոհ եք տվել մի գիշերվա մեջ», - ասում է զոհված զինծառայող Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը։
Հրդեհին հետևած այս ամիսների ընթացքում հարցերը միայն ավելացել են, հավելում է նա. - «Եթե այդ երեխեքը ձեզ պետք չէին, այդ երեխեքը մեր ամենաթանկն էին, տայիք մեզ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ազատի զինվորական կացարանի հրդեհից փրկված զինծառայողներից մեկի մոտ փորձաքննությամբ թմրանյութի հետքեր են հայտնաբերվել. ՔԿԾնողներն իրենց ներկայացուցչի՝ փաստաբան Նորայր Նորիկյանի հետ այսօր հրապարակեցին այն հարցերը, որ պատրաստվում են վաղը զինդատախազին առաջադրել, բացի պաշտոնական վարկածից, ըստ որի կապիտան Հակոբյանը վառարանը թեժացրել, ու որից էլ հրդեհ է բռնկվել, այլ վարկած քննվո՞ւմ է, ինչո՞ւ, ովքե՞ր են են զինվորների մարմինները դուրս բերել ննջարանից մինչև քննչական գործողություններ սկսելը, ինչո՞ւ է խախտվել դեպքի վայրը, որտե՞ղ են եղել հրդեհից փրկված զինվորները, արդյոք հարցաքննվել է վարչապետ Փաշինյանը, որ դեպքից ժամեր անց մանրամասներ ներկայացրեց, որ հետո դարձավ պաշտոնական վարկած։
«Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ սույն թվականի հունվարի 19-ին կառավարության նիստում վարչապետի կողմից հրապարակված փաստական տվյալների և նույն օրը ԶԼՄ-ներին հարցազրույց տված լեյտենանտի տեղեկությունների միջև առկա է էական հակասություն, որը վերաբերում է այդ տարածքում բենզինի առկայությանը», - ասում է փաստաբանը։
Զոհված զինծառայողներից մի մասի դատաբժշկական փորձաքննության պատասխանները կան։ Մահվան պատճառը շմոլ գազն ու այրվածքային շոկն են, ըստ այդ եզրակացության՝ հրդեհի պահին տղաները ողջ են եղել, ծնողները և նրանց ներկայացուցիչը չեն հավատում կացարանն անփութորեն կրակի տալու վարկածին. - «Իսկ որևէ մեկը բացառո՞ւմ է, որ շմոլ գազի առաջացումը կարող է դիտավորությամբ առաջացած լինել, կարո՞ղ է»։
«Դիվերսիա է հնարավոր է եղել, իրենց ձեռք չի տալիս, որ բացահայտվի, փորձել են ծածկադմփոց անել, հնարավոր է, որ այդ զինվորները ինչ-որ բան են իմացել, կամ իրենց պետք է եղել այդ զինվորներին ֆիզիկապես ոչնչացնեն», - հավելեց Կիրակոսյանը։
Ի սկզբանե պաշտոնյաները հակասական հայտարարություններ էին անում, հիշեցնում են ծնողները, զինվորները մեկ մահճակալներին էին մահացել, մեկ ննջարանի տարբեր հատվածներում, դուռը մեկ փակ էր, մեկ՝ կիսաբաց։ Այս ամենից բացի, իրենք ունեն փաստեր, թվարկում են՝ սպաների ու զինվորների ոչ կանոնադրային փոխհարաբերությունների, բռնության դեպքերի, նյութական առերևույթ հանցագործությունների մասին, գուցե այդ ամենը հրդեհի հետ կապ ունի, հարցնում են։
«Մենք մահացած ենք, բայց մեզ չեն թաղել, մենք ամեն ինչ անելու ենք, մենք կորցրել ենք ամենաթանկերը, մեր խնդրանքը ծնողների կողմից պատկան մարմիններին՝ արդար դատաքննություն վարել», - շեշտեց Արման Բարսեղյանը՝ զոհված Գագիկ Բարսեղյանի հայրը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով գլխավոր մեղադրյալ կապիտանը կալանավորվել է
Զինվորական դատախազից բացի, ծնողները նաև պաշտպանության նախարարին հանդիպելու պահանջ էին ներկայացրել, ասում են՝ որևէ արձագանք, ցավակցություն էլ չեն ստացել։ Ազատի հրդեհի գործով այժմ 5 մեղադրյալ կա, երեքը կալանքի տակ են, այս թվում՝ կապիտան Հակոբյանը։ Ավելի քան երկու ամիս անց զոհերից հինգի դատաբժշկական փորձաքննության պատասխանը չկա։ Քննչական կոմիտեն այս ընթացքում 15 ծնողներից միայն 10-ին է հրավիրել հարցաքննության։
Սեդրակ Ղարիբյանը դեռ սպասում է՝ որդու մահվան պատճառն իմանա ու նաև քննչականում ցուցմունք տալու հրավերին, դեպքից 20 օր անց նա իր զորացրված որդուն պիտի դիմավորեր, հիմա իրավապահների դռներն է ծեծում։
«Հիմա տեսնենք՝ ինչ սուտ կհորինեն, ինչ կասեն, վերջը այդպես էժան չի մնալու իրենց վրա, կարող է մեզնից պրծնեն, բայց Աստծո դատաստանից չեն պրծնի այդ անողները», - ասաց նա։