Արտահերթ ընտրություննե՞ր Երևանում, թե՞ ոչ. իշխանությունն ու քաղհասարակությունը օրենքը տարակերպ են մեկնաբանում

Քաղաքապետարանի նիստերի դահլիճում քաղաքապետի աթոռին փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է, ոչ թե Լևոն Հովհաննիսյանը, որ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար դարձավ։

Հենց Տիգրան Ավինյանն է քաղաքապետի իշխանական թեկնածուն աշնանն սպասվող հերթական ընտրություններում։ Հնարավո՞ր է արտահերթ ընտրություն մինչև այդ։ Այդպիսի որոշում չունենք, ասում է ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը. - «Այս պահի դրությամբ մենք նոր քաղաքապետ ընտրելու որոշում չունենք։ Պարոն Հովհաննիսյանը՝ քաղաքապետի առաջին տեղակալը, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է և իր բոլոր լիազորությունները կարողանում է իրականացնել»։

Ընտրական օրենսգրքով համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանին ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում անցկացնում է համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն, թեկնածուներ առաջադրվում են ավագանու խմբակցություններից։ Երևանի մասին օրենքով էլ կառավարությունը կարող է կրճատել ավագանու լիազորությունների ժամկետը, եթե քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ: Այս դեպքում ավագանու արտահերթ ընտրություններ են նշանակվում ոչ ուշ, քան 40 օրում

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո քաղաքապետի պարտականությունները ստանձնել է նրա առաջին տեղակալը

«Այս սցենարում եթե ավագանին չընտրի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի փոխարեն, ապա մայիսի երևի երկրորդ կեսին, Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ կունենանք», - «Ազատության» հետ զրույցում օրենսդրության իր մեկնաբանությունն օրեր առաջ էր ներկայացրել իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը։

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նույն օրենքն այլ կերպ է ներկայացնում՝ եթե մինչև հերթական ընտրություն քաղաքապետի պաշտոնակատարը մնա, ու ոչ ոք էլ չընտրվի՝ ոչ մի խնդիր։

«Նման հարցի առաջ չենք կանգնում մենք, չընտրելու դեպքում ավագանին չի լուծարվում», - ասում է Գալջյանը։

Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ օրենսդրական լուծումն այստեղ այնքան էլ հստակ չէ՝ Երևանի մասին օրենքի քաղաքապետ չընտրելու դեպքում ավագանու լուծարման դրույթում հղում է արվում Ընտրական օրենսգրքի ոչ թե արտահերթ, այլ հերթական ընտրության անցկացման հոդվածին. այնուամենայնիվ, իրավապաշտպանը խնդրահարույց է համարում իշխող խմբակցության մեկնաբանությունը. - «Եթե օրինակ՝ տեղի են ունենում ընտրություններ, ձևավորվում է ավագանի, առաջին նիստում, օրինակ, ընտրում են համայնքի ղեկավար, մի ամիս հետո համայնքի ղեկավարը հրաժարական է տալիս, պաշտոնանկ է արվում, Աստված մի արասցե, մահանում է, և ավագանին չի ընտրում համայնքի նոր ղեկավար, ապա չորս տարի և 11 ամիս համայնքը չի ունենում ղեկավար, ունենում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար»։

Ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանը կարծում է՝ իշխանությունների համար բոլորովին ձեռնտու չէ սեպտեմբերից շուտ ընտրություններ անցկացնելը, կիսատ գործեր ունեն, որ շատ հարմար կլինի ավարտել երևանցիներից քվե խնդրելուց մի քիչ առաջ։

«Մենք տեսնում ենք, որ ձեռք բերված տրանսպորտային նոր միջոցները չեն կարողացել դեռևս գիծ մտցնել։ Այդ ամենը չէ՞ որ ընտրություններից առաջ եթե արվի, բնակիչների, երևանցիների տպավորությունը շատ ավելի լավը կլինի», - ասաց նա։

Եվ ընդհարապես ինչո՞ւ շտապեն, առանց ընտրության էլ Ավինյանը կառավարում է քաղաքը, ասում է Իզաբելլա Աբգարյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանի քաղաքապետը հրաժարական տվեց

Կանաչապատման քաղաքային կազմակերպության ղեկավարին Տիգրան Ավինյանն այսօրվա խորհրդակցության ժամանակ ողջունեց մաքուր ճապոներենով։ Հասկանալի էր, որ սակուրաների թեման է վերաբացվում։ Արմեն Բեգոյանը փոխքաղաքապետին զեկուցեց, որ այս վարդագույն ծառերի շուրջ աղմուկը անհասկանալի է, 2500 ծառ է տնկվելու, դրանցից միայն 150-ն են սակուրա։ Ավինյանից մի քանի նոր հանձնարարություններ կան. «Կասկադը Երևանի սիրտն է», - ասաց նա։

Այդ սրտում փոփոխություններ անելիս եկեք երևանցիների կարծիքը հաշվի առնենք, ասաց Ավինյանը։ Մի առաջադրանք էլ՝ եթե ճապոնացիները ծաղկող, բայց այդպես էլ բերք չտվող բալենի են ստացել, Ավինյանը շարունակեց. - «Մենք վստահաբար նույնը կարող ենք անել ծիրանենու հետ, և խնդրում եմ այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել»։