Իրանի իշխանությունները մտադիր են հիջաբից հրաժարվող կանանց համար նախատեսված ֆիզիկական պատիժը փոխարինել ֆինանսական և վարչական տույժերով։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի անդամ Հոսեյն Ջալալին։
Իրանցի օրենսդրի խոսքերով՝ նոր կարգը մոտ 60 հազար դոլարի տուգանք է սահմանում հիջաբի օրենքը խախտողների համար, ինչպես նաև լրացուցիչ տույժեր՝ վարորդական իրավունքից զրկում, անձնագրի չեղարկում, ինտերնետի մուտքի արգելք։
Իրանում կանանց համար հիջաբի կրումը պարտադիր է 1979 թվականից՝ Իսլամական հեղափոխությունից ի վեր: Անցած տարվա հուլիսին Իրանի իշխանությունները որոշեցին էլ ավելի խստացնել հիջաբ կրելու մասին օրենքը՝ բողոքի աննախադեպ ալիք հարուցելով երկրով մեկ։
Ամիսներ տևած բազմահազարանոց ցույցերը կառավարությունը դաժան մեթոդներով ճնշեց՝ ձերբակալելով հազարավոր ցուցարարների, ընդհուպ մահապատժի դատապարտելով որոշներին։ Բողոքի ցույցերի ընթացքում, ըստ իրավապաշտպան կազմակերպությունների, ավելի քան 500 մարդ է զոհվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանում ցույցերի ևս մեկ մասնակից է մահապատժի ենթարկվել