Ազգային կինոկենտրոնը մեծ ուշադրություն է հատկացնում կինոժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը

«2023 թվականը հայ կինոյի 100-ամյակն է, որի մեկնարկը Հայաստանում կտրվի ապրիլի 16-ին՝ Հայ կինոյի օրը», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը՝ հավելելով, որ այդ իրադարձության միջազգային մեկնարկն արդեն տրված է։

Օրերս է Ազգային կինոկենտրոնի պատվիրակությունը՝ Շուշանիկ Միրզախանյանի ղեկավարությամբ, վերադարձել Ֆրանսիայից, որտեղ անց է կացվել «Աշխարհի ողջ հիշողությունը» խորագրով վերականգնված և արխիվային ֆիլմերի միջազգային 10-րդ փառատոնը։

Ֆրանսիական Սինեմաթեքի հովանու ներքո իրականացվող այս ուշագրավ փառատոնի շրջանակներում Հայաստանի կողմից ներկայացվել է «Համո Բեկնազարյան․ հայ կինոյի ռահվիրան» խորագրով հետահայաց ցուցադրության ծրագիրը։

Առհասարակ Ազգային կինոկենտրոնը մեծ ուշադրություն է դարձնում վերջին 100-ամյակի ընթացքում ստեղծված կինոժառանգության պահպանմանը և դրա հանրահռչակմանը ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանյան մի շարք երկրներում։ Ֆիլմերը նախ պետք է վերականգնել, ապա թվայնացնել, եթե հնարավոր է՝ նաև տեղափոխել ժապավենային կրիչների վրա։ Եվ դրան զուգընթաց զբաղվել նաև այդ ֆիլմերի տարածմամբ և ցուցադրությամբ։ Իսկ ֆիլմեր ընդհանուր թիվը 5000-ից ավելի է։

Շուշանիկ Միրզախանյանը փոխանցեց, որ արդեն 4 ֆիլմ է վերականգնվել, թվայնացվել, դրանք այստեղ նույնպես կներկայացվեն պրեմիերայի. - «Ի վերջո, նպատակը նա է, որ պետք է ամբողջ մեր արխիվները, ինչը որ կապված է կինոյի հետ, դա կլինի ժապավեն, դա կլինի ֆոտո, դա կլինի թղթային նյութեր, ամբողջովին կարողանալ սկանավորել, վերականգնել և պահպանել։ Ես ասեմ ավելին, մենք ունենք փորձ, երբ որ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից դուրս մնացած հատվածները մենք վերականգնեցինք, նաև «Հակոբ Հովնաթանյանը» վերականգնեցինք։ Մենք «Հակոբ Հովնաթանյանի» վերականգնված տարբերակը նույնիսկ ժապավենի վրա տպագրեցինք»։

Հայաստանի Ազգային կինոկենտրոնը այս աշխատանքները սկսել է 2018 թվականից։ Սա բարդ և աշխատատար գործընթաց է, որը նաև լուրջ ֆինանսական ներդրումներ է պահանջում։

«Դրա համար շատ մեծ գումարներ են պետք», - շեշտեց Ազգային կինոկենտրոնի կինոժառանգության բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանը. - «Դրա համար առանձնակի շնորհակալություն պետք է հայտնենք մեր գործընկերներին և հովանավորներին, օրինակ ՀԲԸՄ-ին, որ այդ նոր ժապավենները տպելու հնարավորություն ստեղծվեց։ Իհարկե, եթե մենակ հույսը դնենք պետական ֆինանսավորման վրա, դա գրեթե կասեմ անհնարին է։ Բոլոր արխիվները ունեն մասնավոր հովանավորներ, որոնք այս չափազանց ժամանակատար և աշխատատար աշխատանքը այս կամ այն կերպ օգնում են իրականացնել։ Եվ ես կուզեի, որ Հայաստանում նույնպես զարգանա»։

Հարցին, թե կա՞ն այդպիսի հովանավորներ Հայաստանում, Միրզախանյանը պատասխանեց. - «Մարդիկ, անհատներ՝ դեռևս ոչ։ Կազմակերպություններ կան։ Ունենք «Հայաստան» հիմնադրամ, որը կոնկրետ «Բարև, ես եմ» ֆիլմը ամբողջովին ֆինանսավորում է, մենք այսօր դրա վրա աշխատում ենք և կունենանք նորովի տարբերակ։ Հուսանք, որ կլինի ավելի շատ։ Հետաքրքիր բան է կատարվում. դրսի հովանավորներ ավելի հեշտ ենք գտնում, քան Հայաստանում»։

«Կրթության հարց է և էդ գիտակցության ձևավորման», - հավելեց Գալստյանը. - «Եթե արտերկրում կա այդ գիտակցությունը շարժվող պատկերի մշակույթի հանդեպ, դրա արժեքի հանդեպ... Հասկանում եք, էդտեղ կան լուրջ դեսպաններ այս արվեստի միջոցի համար՝ մեծ աստեղ հոլիվուդյան, քաղաքական գործիչներ, որոնք խոսում են, տեսանելի են դարձնում խնդիրները։ Մեր մոտ մենք ենք խոսում, մենք էլ հոլիվուդյան աստղ չենք... Կարծում եմ, որ էս վերջին փորձերը նաև բերում են դրան, բերում են այդ գիտակցության ձևավորմանը, քանի որ մարդիկ տեսնում են, որ էդ վերականգնված ֆիլմերը իրոք հանրահռչակում են մեզ, մեր մշակույթը, դարձնում են դա համաշխարհային մշակույթի մի մաս։ Ուստի էն մարդիկ, որոնք ունեն ֆինանսավորելու, կարծում եմ, որ ժամանակի ընթացքում կուզենան մաս կազմել էդ գործընթացին»։