Շվեդիայի օրենսդիրները վավերացրել են ՆԱՏՕ-ին անդամակցելու օրինագիծը

Շվեդիայի արտաքին գործերի նախարարության և խորհրդարանի շենքերը, արխիվ

Շվեդիայի խորհրդարանը՝ Ռիկսդագը, քվեարկությամբ ընդունել է ՆԱՏՕ-ին անդամակցելու օրինագիծը:

Փաստաթղթին կողմ են քվեարկել 269 օրենսդիրներ, դեմ՝ 37: Քվեարկության արդյունքը նախապես հայտնի էր, քանի որ թե՛ իշխող կոալիցիայի և թե՛ ընդդիմադիր երկու կուսակցությունների պատգամավորների մեծ մասը հակված էր ընդունել օրինագիծը:

Այսօրվա դրությամբ Շվեդիայի անդամակցմանը հավանություն են տվել ՆԱՏՕ-ի 30 անդամներից 28-ը: Ենթադրվում է, որ Հունգարիան առաջիկայում հավանություն կտա, մինչդեռ, Թուրքիայի համաձայնությունը դեռ չկա:

Այս քվեարկությամբ Շվեդիայի չեզոքության դարաշրջանը, որը տևել է ավելի քան երկու դար և ուժի մեջ է եղել նույնիսկ երկու աշխարհամարտերի և «սառը պատերազմի» տարիներին, ավարտվում է:

Շվեդիան ցանկանում է ՆԱՏՕ-ին միանալ հարևան Ֆինլանդիայի հետ, որն Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո նույնպես հրաժարվել է ավանդական չեզոք դիրքորոշումից:

Թուրքիան առարկություններ է ներկայացրել և պահանջել է սկանդինավյան երկու պետությունները նախ արտահանձնեն Անկարայի կողմից քուրդ զինյալներ ճանաչված անձանց, ինչպես նաև կրոնական առաջնորդ Ֆեթուլահ Գյուլենի հետևորդներին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չավուշօղլու․ «Շվեդիան առայժմ որևէ համոզիչ քայլ չի ձեռնարկել»