Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը վաղը կմեկնի Վրաստան

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը, արխիվ, Բեռլին, 7 փետրվարի, 2023թ.

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը վաղը երկօրյա այցով կուղևորվի Վրաստան: Այդ լուրը հաստատել է Վրաստանում Գերմանիայի դեսպանատումը:

«Այցի ընթացքում նախարարը կհանդիպի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ»,- ասվում է դեսպանատան հաղորդագրությունում:

Դեսպանատունը նշում է, որ Բերբոկը Թբիլիսիում կհանդիպի նաև Վրաստանի քաղաքացիական հասարակության և ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Այցի ընթացքում Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կմեկնի Հարավային Օսիայի հետ վարչական սահմանի շրջան և կհանդիպի դիտորդների առաքելության անդամների հետ: Առաքելության կազմում մեծ մասը Գերմանիայի ներկայացուցիչներ են:

Այցի օրակարգում հիմնական թեմաներն են Գերմանիայի աջակցությունը Վրաստանի և Եվրոպական միության մերձեցմանը և բարեփոխումների իրականացումը:

«Աննալենա Բերբոկի նպատակն է առավել սերտ և ուղիղ կապեր հաստատել երկու երկրների միջև և խորացնել համագործակցությունը հանուն Վրաստանի եվրոպական ապագայի»,- ասվում է հաղորդագրությունում: