«Մշակույթը կփրկի աշխարհը». այսուհետ այս խորագրով իտալացի գեղանկարիչ, մուրալիստ (մոնումենտալ դեկորատիվ գեղանկարիչ) Անտոնինո Պերրոտտայի մուրալիստական ստեղծագործությունը մեր մայրաքաղաքի անբաժան մասն է, որը գտնվում է Գեղարվեստի ակադեմիայի աջ պատի վրա։
Այսօր տեղի ունեցավ այս ստեղծագործության բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր նաև ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանը։
Այս նախաձեռնությունը պատկանում է «Երևան սթրիթ արթ ֆեստ» փառատոնին, որի հիմնադիր տնօրեն Դավիթ Խաչատրյանը «Ազատության» հետ զրույցում ասաց. - «Ամենակարևոր դրդապատճառը այս ամենը իրականանելու համար սերն ա դեպի կերպարվեստը, առավել ևս՝ ժամանակակից կերպավեստը, որի լավագույն դրսևորումներից մեկը մուրալիզմն ա։ Եվ մուրալիզմի մեծությունը ինձ համար կայանում ա նրանում, որ ինքը ուղիղ կապի մեջ ա մտնում հասարակության հետ։ Ամենայն հարգանքով մնացած բոլոր նկարչական ուղղությունների մատուցման ֆորմատների նկատմամբ՝ բայց մուրալիզմը էն տեսակն ա, որի սահմանները բաց ա, գալերեա պետք չի, որ դու գնաս, նայես, հավես ունենաս կամ հավես չունենաս, քեզ առաջարկեն կամ չառաջարկեն... Դու ամեն օր օնլայն ռեժիմով արվեստի մեջ ես»։
Դավիթ Խաչատրյանի խոսքով, իտալացի այս գեղանկարիչը չափազանց մեծ փորձ ունի նմանօրինակ աշխատանքների, որոնք ներկայացված են իտալական քաղաքների ամենատարբեր շենքերի վրա. - «Հրավիրվել է իմ կողմից էս նախագծին մասնակցելու համար։ Նաև չեմ կարող չնշել Հայաստանում Իտալիայի դեսպանության աջակցությունը, անգնահատելի աջակցությունը այս նախագիծը իրականացնելու համար։ Եվ մենք էսօր այդ մեր նկարչի և իտալական կողմի մասնակցությամբ Երևան քաղաքում կարող ենք ըմբոշխնել այս գեղեցիկ արվեստը»։
Ինչ վերաբերում է հայաստանցի գեղանկարիչներին, ապա, ըստ Դավիթ Խաչատրյանի, ժամանակակից մուրալիզմը մեծ ռեսուրսներ պահանջող տեսակ է արվեստի։ - «Ցավոք սրտի, մեր արվեստագետները, նկարիչները էսօր էդ հնարավորությունը չունեն, որպեսզի իրենց թույլ տալ մեծ տարածքների վրա աշխատելու, որովհետև բավականին լուրջ տեխնիկա ա էդտեղ օգտագործվում, ներկերի մեծ քանակ... Էստեղ, բնականաբար, պետք ա աջակցի կա'մ պետությունը, կա'մ մասնավորը։ Ցավոք սրտի, ո'չ առաջինը, ո'չ էլ երկրորդը... Հայաստանում նման ավանդույթ չի ձևավորվել երևի, դրա համար էլ ոլորտը չի զարգացել։ Տեսնում ենք, պատի վրա պատկերված են մեծագույն ստեղծագործողների գլուխգործոցները, և այս երիտասարդի հավաքական կերպարն ա՝ արվեստագետի, քանդակագործի, նկարչի, որը մուտք ա գործում արվեստի աշխարհ։ Եվ իրեն դիմավորում են այդ մեծագործ մարդկանց ստեղծագործությունները»։
Իտալացի գեղանկարիչ Անտոնինո Պերրոտտան մեր զրույցի ընթացքում շեշտում էր, որ ավարտել է Հռոմի Գեղարվեստի ակադեմիան, այդ իսկ պատճառով իրեն շատ հոգեհարազատ էր այս առաջարկը և այն ինքը շատ մեծ սիրով է իրագործել. - «Քանի որ ես հիմա գտնվում եմ Երևանում, ձեզ միօրինակ կասեմ, որ ամեն մի քաղաքում աշխատանք իրականացնելիս մի կտոր է մնում իմ սրտի մեջ, ու ես դա պահում եմ իմ սրտում ու տանում եմ ինձ հետ ամեն տեղ»։
Գեղարվեստի ակադեմիան 28 տարի ղեկավարած, այսօր արդեն ակադեմիայի նախկին ռեկտոր, գեղանկարիչ Արամ Իսաբեկյանն ասաց. - «Շատ նորմալ եմ վերաբերվում էդ պատի նկարչությանը ընդհանրապես։ Աշխարհում ընդունված բան է։ Պարզապես լավ ու վատը կա էդ ամեն ինչի մեջ։ Եթե լավ ա լինում, պրոֆեսիոնալ ա լինում, էդ ժամանակ ընդունելի ա»։