Վարչապետը և Բունդեսթագի պատգամավորները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորական խմբի անդամներին՝ խմբի փոխնախագահ Թաբեա Ռյոսների գլխավորությամբ:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի, անվտանգային մարտահրավերների, խաղաղության օրակարգի շուրջ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության դերը:

Նրանք անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամին: Խնդրի կարգավորման առումով կարևորվել է միջազգային հանրության հետևողական հասցեական արձագանքը, Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ին հրապարակված որոշման կատարումը Ադրբեջանի կողմից:

Վարչապետն անդրադարձել է մեր երկրում իրականացվող բարեփոխումներին, արձանագրվող տնտեսական բարձր ցուցանիշներին և կարևորել Եվրոպական միության, Գերմանիայի օժանդակությունը ՀՀ ժողովրդավարական օրակարգին: