Ոչ մարտական պայմաններում մահեր, խոշտանգումների ու այլ անմարդկային վերաբերմունքի դրսևորումներ, խոսքի ազատության որոշակի սահմանափակումներ, դատական վճիռների ուշացումներ։ Սրանք այն հարցերն են, որոնց վրա կենտրոնացել է Մարդու իրավունքների մասին ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ամենամյա զեկույցը։
«Առհասարակ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը կառավարության և մեր քաղաքական ռազմավարության անկյունաքարն է։ Եվ մասնավորապես՝ բանակը», - հայտարարում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբացկության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ ԱՄՆ պետական դեպարտամենտի մարդու իրավունքների զեկույցի, Հայաստանում մեծ թվով գործերի քննությունն առաջ չի գնումԲանակում ոչ մարտական պայմաններում մահերի խնդրին զեկույցի հեղինակները մեծ ուշադրություն են դարձրել, նկատելով, որ հաճախ չի արվում պատշաճ քննություն։ Հղում են անում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ու զոհերի ընտանիքներին, որոնք վստահ են, որ մահվան դեպքերից շատերն իրականում ինքնասպանություն չեն եղել, սակյան այդպես են ներկայացրվել։
«Վատ է վիճակը, նույն կերպ, ինչպես նախկինում։ Տեղաշարժ որևէ չկա։ Նաև չկա պատշաճ վերահսկողություն դատախազական մարմինների կողմից։ Նույն ձևով գործերը մտնում են դատարաններ։ Բավական չի, որ ծնողը տղային տվել է հայրենիքի պաշտպանությանը, նրա դին են հետ վերադարձրել ծնողին, նաև սրա վրա ավելացվում է ինքնասպանության այդ խարանը, այդ պիտակը, որից ծնողները տառապում են և ուզում են ազատվել այդ պիտակից», - ասում է իրավապաշտպան ժաննա Ալեքսանյանը։
Նրա խոսքով, խաղաղ պայմաններում մահերի մասին քննչական մարմինները հաճախ ոչ լիարժեք քննությամբ արված գործերը դատարան են ուղարակում, կամ որոշ դեպքերում նախաքննությունը տարիներով շարունակվում է, այլ կերպ ասած՝ մնում սեղաններին. - «Սովորաբար քննչական մարմինները, Հայաստանի քննչական կոմիտեն, երբ մահվան դեպքեր են գրանցվում, համագործակցում են զորամասերի, զորամասի հրամանատարների հետ, և միասին «որակում են» այդ մահերը ինքնասպանություն»։
Անցյալ տարի Զինված ուժերում ոչ սահմանային բախումների կամ կրակոցների պատճառով գրանցվել է մահվան 50 դեպք։ Դեպքերի ավելի քան 80 տոկոսը Հայաստանում, մնացածը՝ Արցախում։
Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տեղեկանքի, 17 զինծառայող մահացել է առողջական խնդիրների պատճառով, 17-ը ավտովթարների, 6-ը ինքնասպանության, 6-ը սպանության հետևանքով։ Այս մահերից 44-ի պարագայում հարուցվել է քրեական վարույթ։
«Ես կասեմ ավելին։ Որևէ փոփոխություն, որևէ բողոք պատշաճ գնահատականի չի արժանանում։ Այն, որ գլխավոր դատախազի փոփոխությունը, երբ նշանակվեց նոր դատախազ, որն ասում էր, որ զինվորական գործերով հատկապես ուշադիր է լինելու... բացարձակապես զրո ուշադրություն, նույն ձևով աշխատում են քննչական մարմինները, նույն հրահանգներով, նույն ոճով», - նշում է Ալեքսանյանը։
Խնդիրների մասին և՛ Ազգային ժողովի մարդու իրավունքների հանձնաժողովում, և' կառավարությունում տեղյակ են, վստահեցնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբացկության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն՝ հավելելով, որ գնում են դրանց լուծման ճանապարհով. - «Ես չեմ կիսում էդ տեսակետը, որ որևէ պրոգրես չկա։ Շատ ծայրահեղական տեսակետ է։ Պրոգրես կա և էդ պրոգրեսը երևում է սկսված քաղաքական հայտարարություններից, ավարտված քրեական գործերի թվով կամ վերաբացված քրեական գործերով։ Սա ինքնին արդեն պրոգրես է, սա փաստ է, որ հնարավոր չի հերքել»։
Մարդու իրավունքների մասին ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ամենամյա զեկույցը մեծ ուշադրության է արժանացրել նաև խոշտանգումների և այլ դաժան ու անմարդկային վերաբերմունքի հարցերին։ Ըստ զեկույցի, տեղեկություններ կան, որ իրավապահները շարունակել են խոշտանգել կամ այլ տեսակի բռնության ենթարկել կալանքի տակ գտնվող անձանց: Հետագայում հարուցվել են քրեական գործեր, բայց հաճախ դրանցում առաջընթաց այդպես էլ չի եղել, իսկ նախկինում ոստիկանական բռնությունների մասնակիցները երբեմն պաշտոնի բարձրացումներ են ունեցել։
«Կարող եմ ես արձանագրել, որ չի կարող լինել մի դեպք, որի մասին կհրապարակայնացվի, և որը հետևանք չի ունենա։ Խոսքը վերաբերում է ոստիկանական կամ այլ համակարգերում ծառայողների կողմից միգուցե օրինազանցությանը, միգուցե պարտականությունների ոչ լիակատար իրականացմանը։ Բայց էս առումով էլ բազմաթիվ անելիքներ կան», - ասաց Հովհաննիսյանը։
Անկա՞խ են արդյոք դատարանները Հայաստանում։ Ըստ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի զեկույցի, կան չհաստատված տեղեկություններ կառավարության կողմից դատավորների վրա ազդելու փորձերի մասին, չկան արժանահավատ տեղեկություններ քաղաքական բանտարկյալների մասին, խոսքի ազատությունը ընդհանուր առմամբ հարգված է, բայց կան սահմանափակումներ։