Չինաստանի նախագահ Սի Ծինպինն այսօր ժամանել է Մոսկվա: Պետական այցի հետ կապված արարողություններն ու գերտերության լիդերին ընդունելու հանդիսավոր միջոցառումը վաղն են նախատեսված, իսկ այսօր Սի Ծինպինի ոչ պաշտոնական հանդիպումն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Երկու լիդերները և խիստ սահմանափակ թվով մի խումբ պաշտոնյաներ արդեն սկսել են քննարկումները, օրակարգում են արդիական ամենահրատապ հարցերը, այդ թվում՝ Ուկրաինայի հակամարտությունը:
Հանդիպման մամուլի համար հասանելի հատվածում երկու երկրների ղեկավարները ողջույններ են փոխանակել, Պուտինն ասել է, որ Ռուսաստանում ուշադրությամբ վերլուծել են ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված Պեկինի առաջարկները:
«Մենք միշտ բաց ենք բանակցությունների համար, կքննարկենք նաև ձեր առաջարկները, դրանց մեծ հարգանքով ենք վերաբերվում», - ասել է Ռուսաստանի նախագահը:
Սի Ծինպինն, իր հերթին ասել է, թե մեծ ուրախություն է այցը Ռուսաստան, նշելով, որ այն տեղի է ունենում անմիջապես նախագահ վերընտրվելուց հետո:
Չինաստանի ղեկավարն ասել է, թե Պեկինը մեծ կարևորություն է տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններին: Մենք ռազմավարական գործընկերներ ենք, ասել է Սի Ծինպինը:
Նա նշել է նաև, թե հաջորդ տարի Ռուսաստանում ընտրություններ են, և ինքը համոզված է, որ ժողովուրդը կսատարի Պուտինին:
Չինաստանի ղեկավարի այցը մեծ նշանակություն ունի Պուտինի համար՝ ուկրաինական զարգացումների առումով
Պեկինը փետրվարի 24-ին՝ պատերազմի առաջին տարվա օրը, ներկայացրել է կարգավորման ծրագիրը: Չինաստանը հորդորում է հարգել ՄԱԿ-ի Կանոնադրությունը և երաշխավորել բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Ըստ Պեկինի, հարկ է հրաժարվել «սառը պատերազմի» մտածելակերպից և կանխել առճակատումները, դադարեցնել կրակը, սկսել բանակցություններ և վերացնել մարդասիրական ճգնաժամը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չինաստանը հրապարակեց «Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու» իր դիրքորոշումը12 կետ պարունակող այդ ծրագիրն Արևմուտքում ու Կիևում անվանել են «դատարկ խոստումների և բարի ցանկությունների հռչակագիր» ու «խաղաղության պայմանագրի նախագիծ, որը միայն Չինաստանին է պետք»: Կիևն այն չի մերժել, բայց պնդել է, որ ծրագիրը պետք է ենթադրի ռուսական բանակի հեռացում գրավված տարածքներից:
«Այսպես թե այնպես չինական առաջարկը կքննարկվի, իհարկե, օրակարգում կլինի Ուկրաինան, և Ռուսաստանի նախագահը կներկայացնի պարզաբանումներ, այնպես որ նախագահ Սին առաջին ձեռքից տեղեկություն կստանա իրավիճակի վերաբերյալ», - ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Չինաստանի ղեկավարի այցը չափազանց մեծ նշանակություն ունի Պուտինի համար հենց ուկրաինական զարգացումների առումով: Պեկինը պաշտոնապես չի դատապարտել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, բազմիցս հայտարարել է, որ Արևմուտքը պարտավոր է հաշվի առնել անվտանգության ասպարեզում Ռուսաստանի շահերը, հրաժարվել Ռուսաստանի դեմ ուղղված սպառնալից կեցվածքից, վիճակն էլ ավելի չսրել պատժամիջոցներով, քննադատել է զենքի տրամադրումը Կիևին, հայտարարել է բազմաբևեռ աշխարհի գաղափարը սատարելու մասին, և այդ ամենն ուրախությամբ են ընդունել Մոսկվայում:
Բայց, մյուս կողմից, Պեկինը սկզբունքորեն չի ճանաչել ոչ 2014-ին Ղրիմի և ոչ էլ վերջին պատերազմի ընթացքում ուկրաինական չորս մյուս շրջանների բռնակցումը և հայտարարել է, որ չի կարելի խախտել տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նորմերը: Ավելին, երբ միջազգային ասպարեզում սկսել են քննարկել Ուկրաինայում փոքր հզորության մարտական միջուկային զենքի կիրառման հնարավորությունը, Պեկինը հստակ և առանց վերապահումների հայտարարել է, որ այդ զենքի կիրառումն անընդունելի է: Այդ սթափեցնող ուղերձը նախևառաջ հասցեագրված էր Կրեմլին: Ուկրաինան ողջունում է այն հանգամանքը, որ գերտերություն Չինաստանը ցանկանում է նպաստել այս պատերազմի դադարեցմանը, բայց ավելի հստակ ծրագիր է ակնկալում:
Երկու երկրների ղեկավարները այսօր առավոտյան ծավալուն հոդվածներ են հրապարակել
Այսօր առավոտյան երկու երկրների ղեկավարները ծավալուն հոդվածներ են հրապարակել՝ «Ռուսաստան և Չինաստան, ապագային նայող գործընկերություն» վերնագրով Պուտինի հեղինակած հոդվածը լույս է տեսել «Ժենմին Ժիբաո» օրաթերթում, որն ամենախոշոր տպաքանակն ունի Չինաստանում: Պուտինն այս հոդվածում գրել է, թե մեծ ակնկալիքներ ունի ընկեր Սի Ծինպինի այցից:
«Դա նաև հրաշալի առիթ է հանդիպելու իմ վաղեմի բարեկամին, մեզ համար իսկական ընկերը հարազատ եղբոր նման է»,- գրել է Պուտինը:
Ընկեր Սին, իր հերթին, «Ռոսիյսկայա գազետա» թերթում է հրապարակել հոդված, որում նույնպես կան հաճոյախոսություններ: Նա մասնավորապես, գրել է, թե անցած 10-ը տարում արդեն 8 անգամ այցելել է Մոսկվա:
«Այդ այցերի շնորհիվ մենք նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կարողացել ենք նոր էջ բացել ռուս-չինական հարաբերություններում: Մենք շարժվում ենք առաջ, դեպի բարեկամության, համագործակցության և զարգացման հեռանկարներ», - գրել է Սին Ծինպինը:
Մինչդեռ, քիչ առաջ ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը՝ մարու իրավունքների 2022 թվականի զեկույցը հրապարակելուց առաջ հատուկ անդրադարձել է Ռուսաստան Չինաստանի ղեկավարի այցին: Նա ասել է, թե Պեկինի ցանկացած առաջարկ, որը սոսկ հրադադար կենթադրի Ուկրաինայում՝ անընդունելի է:
«Դա Պուտինին կտա վերազինվելու, վերապատրաստվելու և ընտրված պահին նոր հարձակում սկսելու ժամանակ», - ասել է Բլինքենը: