Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը և Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման հեռանկարների շուրջ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը կոչ է անում բացել Լաչինի միջանցքը, Բաքուն պնդում է՝ ճանապարհը շրջափակված չէՀեռախոսազրույցի ընթացքում վարչապետ Փաշինյանը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի կողմից աճող ագրեսիվ հռետորաբանության կապակցությամբ:
ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին իր կոչը և ընդգծել, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը վերոնշյալ գործընթացներին:
Հեռախոսազրույցի մասին իր թվիթերյան էջում հայտնել է նաև Էնթոնի Բլինքենը՝ նշելով, որ «Հարավային Կովկասում խաղաղության միակ ճանապարհը դիվանագիտությունն է»:
Անցած ամիս Բլինքենի միջնորդությամբ է Մյունխենում կայացել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, որին մասնակցել է նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոն, ով մարտի սկզբին այցելել էր Երևան և Բաքու:
Մյունխենյան հանդիպումից օրեր անց էլ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել էր, որ առաջիկայում Բրյուսելում սպասվում է հայ-ադրբեջանական հանդիպում՝ առանց կոնկրետացնելու ոչ օրը, ոչ էլ ձևաչափը՝ արդյոք խոսքը ղեկավարների հանդիպման մասին է։
Երեք ամսից ավելի շրջափակված Արցախում սուր է պարենի հարցը. ոչ կանոնավոր փոխադրումների պատճառով սննդամթերքի, այլ ապրանքների գները զգալի բարձրացել են: Նաև պարբերաբար անջատվում է գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը։ Այս ընթացքում Բաքուն արցախցիների համար ավելի լավ ապագա է խոստանում իր կազմում, իսկ Երևանը շարունակում է ահազանգել՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն, էթնիկ զտում է նախապատրաստում։