«Պետական գաղտնիքի մասին» և հարակից օրենքներում փոփոխությունը սահմանափակելու է տեղեկատվության ազատությունը, ահազանգում են հայաստանյան լրագրողական կազմակերպությունները։
Մարտի 1-ին ընդունված փաթեթում մի նորամուծություն կա. եթե նախկինում տեղեկատվությունը մերժելու հիմք էր պետական, բանկային, առևտրային գաղտնիքը, ապա դրանց գումարվել է նաև «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն» արտահայտությունը։ Այս ձևակերպումը ռիսկեր է պարունակում, ասում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» տնօրեն Շուշան Դոյդոյանը։
«Բավական ընդարձակ, լղոզած, համընդգրկուն սահմանում է տված այս տերմինին, որի տակ կարելի է ցանկացած տեղեկություն, որը ցանկալի չի լինի տվյալ պահին իշխանություններին, բացահայտել կամ կարող է որոշ ռիսկերի հետ կապված լինել, ուղղակի մերժվի», - նշեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» տնօրենը:
Դոյդոյանն ընդգծում է՝ եթե նախկինում պետական և ծառայողական գաղտնիքի շարքում դասվող տեղեկությունների ցանկ էր մշակվում, ապա այժմ «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունը» այդ ցանկի հիման վրա չի որոշվի. - «Այսինքն՝ ով է որոշելու՝ արդյոք տեղեկությունը սահմանափակ օգտագործման է, թե՝ ոչ, դա որոշելու է տվյալ փաստաթուղթը կամ կատարողը, կամ էլ ստորագրելու, հաստատելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը: Այսինքն՝ մեկ անձ իր հայեցողությամբ կարող է մերժել կամ հաստատել, բավարարել տեղեկություն ստանալու հարցումը»:
Նախքան երկրորդ, վերջնական ընթերցումը փոփոխությունների փաթեթի վերաբերյալ e-draft հարթակում հատուկ կարծիք է ներկայացրել «Իրավունքի զարգացման ու պաշտպանության» հիմնադրամը։ Հիմնադրամի փորձագետ Դավիթ Գյուրջյանն ասում է՝ օրենսդիրները հաշվի առան միայն տեխնիկական առաջարկները, իսկ բովանդակայինները, հատկապես «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության» վերաբերյալ, անտեսվեցին:
Հարցին, թե չընդունելու համար ի՞նչ պատճառաբանություն է ներկայացվել, Գյուրջյանը պատասխանեց. - «Ոչ մի բան»:
Փաթեթն Ազգային ժողովում ներկայացնում էր ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը։ Նա հակառակը հիմնավորեց, թե 1996-ին ընդունված օրենքը բարեփոխման կարիք ուներ ու հիմա ավելի է հստակեցվել. - «Գործող օրենքը հնացել և լիարժեք չի կանոնակարգվում պետական գաղտնիքի բնագավառում առկա իրավահարաբերությունները: Առաջարկվում է առավել հստակ կարգավորումներ նախատեսել պետական գաղտնիք կազմող տեղեկությունների համար՝ միաժամանակ վերանայելով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները հրապարակելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներն ու չափերը»:
Իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը հակադարձում է՝ ազատ հասարակության մեջ տեղեկությունը գաղտնագրելու մեթոդները պետք է պակասեն, ոչ թե ավելանան. - «Պարզապես իշխանությունը չի ցանկանում, այսպես ասած, անցավ գլուխը գլխացավանքի տակ դնել և պարզապես իրենց ավելի հարմար է հնարավորինս բոլոր ռիսկային տեսակի տեղեկությունները գաղտնագրել և դրանով խնդիրներ իրենց համար չստեղծել»:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանը համաձայն է՝ օրենքն իսկապես հին էր և փոփոխությունների կարիք ուներ, սակայն նոր կարգավորումները ոչ թե լուծում են եղած խնդիրները, այլ՝ դրանք ավելի բարդացնում:
«Ավելին՝ դրանք նոր ռիսկեր, խնդիրներ են առաջ բերում լրագրողների, լրագրողական համայնքի և հետևաբար նաև հասարակության համար», - ընդգծեց նա:
Դոյդոյանի կարծիքով՝ փոփոխությունների այս շղթան հետընթաց է, խախտում է լրագրողական կազմակերպությունների և կառավարության միջև կնքված հուշագիրը, որի համաձայն՝ օրենք մշակողները պետք է հաշվի առնեին լրատվամիջոցների, լրագրողական կազմակերպությունների կարծիքը։
«Հիմա այսպես արագ-արագ արվում է, հասնում են ամենավերջում, երբ որ e-draft է, այնտեղ ինչ-որ տեխնիկական՝ հաշվի ենք առել, հավի չենք առել կամ ի գիտություն ենք ընդունել ինչ-որ ձևակերպումներ են դրվում ու էսպես անցնում են առաջ այնպես, ինչպես պլանավորել են իրենք նախապես», - նշեց Շուշան Դոյդոյանը:
Փորձագետները համոզված են, որ այս օրենքն ավելի է բարդացնելու պետական մարմիններից տեղեկություն ստանալու գործընթացը, մերժման դեպքում էլ դատարաններ դիմելը շատ հաճախ լուծում չէ, քանի որ դրանք գերծանրաբեռնված են ու գործերի քննությունը կարող է տարիներ տևել։
Your browser doesn’t support HTML5