ԱՄՆ-ի և Ուկրաինայի ռազմական ու անվտանգային ամենաբարձրաստիճան պաշտոնյաները հեռավար հանդիպում են ունեցել

ԱՄՆ-ի պաշտպանության և անվտանգության ոլորտի ղեկավարները՝ պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավար Մարկ Միլին և ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ուկրաինացի գործընկերների հետ քննարկել են Ուկրաինային անհրաժեշտ զենք-զինամթերք տրամադրելու հարցերը։ Հեռավար հանդիպմանը ուկրաինական կողմից տեսակապով մասնակցել են պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, զինված ուժերի հրամանատար Վալերի Զալուժնին և բարձրաստիճան այլ հրամանատարներ։

Հեռավար այս հանդիպման մասին շաբաթ օրը տեղեկացրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։ Նա նաև հայտնել է, որ վերջում հեռավար հանդիպմանը միացել է նաև նախագահ Զելենսկին՝ հայտնելու իր տեսակետները Ռուսաստանի կողմից գրաված տարածքները ազատագրելու վերաբերյալ։

«Մենք մեր դաշնակիցներին հանգամանալից տեղեկացրել ենք ռազմաճակատի ներկայիս իրավիճակի, ամենադժվարին հատվածներում մարտական գործողությունների, ինչպես նաև ուկրաինական բանակի հրատապ կարիքների մասին»,- «Թվիթերում» գրել է Երմակը։