Կրեմլը վրդովվեցուցիչ է համարում Պուտինին ձերբակալելու օրդեր տալու Հաագայի դատարանի որոշումը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տալու Հաագային միջազգային քրեական դատարանի որոշումը, ասել է` հարցն ինքնին համարում են վրդովվեցուցիչ և անընդունելի։

«Ռուսաստանը, ինչպես և մի ամբողջ շարք երկրներ, չեն ճանաչում այդ դատարանի իրավասությունը։ Համապատասխանաբար նմանատիպ ցանկացած որոշում իրավունքի տեսակետից Ռուսաստանի համար առ ոչինչ է», - ասել է Պեսկովը։

Հաագայի դատարանը ձերբակալելու օրդեր է տվել նաև ՌԴ նախագահին կից երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային։ Ըստ էության չհերքելով Ուկրաինայից երեխաներին դեպորտացիայի ենթարկելու փաստը, նա այդ որոշումը Ռուսաստանի աշխատանքի ճանաչում է համարել։

«Լավ է, որ միջազգային հանրությունը գնահատել է մեր երկրի երեխաներին օգնելը, որ մենք նրանց չենք թողնում մարտական գործողությունների գոտում, որ տեղափոխում ենք նրանց, որ նրանց համար լավ պայմաններ ենք ստեղծում, որ նրանց շրջապատում ենք սիրող, հոգատար մարդկանցով։ Իմ հանդեպ բոլոր երկրների, նույնիսկ Ճապոնիայի պատժամիջոցները կան, հիմա ձերբակալելու օրդեր, հետաքրքիր է հետո ինչ կլինի։ Դե, իսկ մենք կշարունակենք աշխատել», - լրագրողներին ասել է ՌԴ նախագահին կից երեխաների իրավունքների պաշտպանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել