Վանաձորի իրավական թնջուկը չլուծվեց նաև վարչական դատարանի հերթական նիստով, որն անցել է առանց կողմերի։ Ո'չ հայցվորը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ո'չ էլ պատասխանողները՝ համայնքապետարանն ու ավագանին, ներկայացուցիչներ չէին ուղարկել։
Դատական գործն սկսելուց մեկ տարի անց միայն վարչականը որոշել է անցնել դատաքննության փուլին։ Դատարանից «Ազատությանն» ասացին՝ հաջորդ նիստը, ամենայն հավանականությամբ, կնշանակվի տարեվերջին, քանի որ ավելի շուտ դատավորն ազատ օր ու ժամ չունի։ Մինչ այդ Վանաձորի ավագանին կմնա արգելանքի տակ՝ չի կարող համայնքի ղեկավար ընտրել, այդ օրակարգով նիստեր գումարել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԼՀԿ-ն Վանաձորի ավագանիում մանդատ չի ունենա. դատարանը հայցը մերժեցԿողմերը չեն մեկնաբանում, թե ինչու այս դատական նիստին չեն գնացել։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից հրաժարվեցին հարցազրույցից, նշեցին միայն, որ չեն կարևորել այս նիստը, որովհետև միևնույն է վարչականն ավագանու նիստերի արգելանքը չի կարող հանել, քանի դեռ վճռաբեկը որոշում չունի կուսակցության մյուս բողոքի վերաբերյալ։
Խոսքը 2021-ին տեղի ունեցած Վանաձորի ավագանու ընտրությունները վիճարկող հայցի մասին է։ Ավելի քան մեկ տարի առաջ գործը վճռաբեկ դատարան է հասել, բայց որոշում չի կայացվում։
Ո'չ վճռաբեկից, ո'չ էլ Բարձրագույն դատական խորհրդից «Ազատությունն» այդպես էլ հստակ պատասխան չստացավ, թե ինչու դատարանն ի վերջո չի անդրադառնում Հայաստանի մեծությամբ երրորդ համայնքի՝ Վանաձորի այս կենսական կարևորության հարցին։ Նշեցին, որ չեն խախտում ողջամիտ ժամկետները, որոշում կկայացնեն։
Ի վերջո ստացվում է, որ դատարանների որոշումներից է կախված համայնքի նորմալ կենսագործունեությունը։ 2021-ի ընտրություններից հետո Վանաձորի ավագանին ընդամենը մեկ արտահերթ նիստ անելու և բյուջեն, սուբվենցիոն ծրագրերն ու հաստիքացուցակը հաստատելու հնարավորություն է ունեցել։
ՏԻՄ փորձագետ Վարդինե Գրիգորյանն անընդունելի էր համարել, որ դատարանները փաստացի անգործության են մատնել տեղական ինքնակառավարման մարմինն ու արգելում են աշխատել. - «Այս առումով օրենսդրական փոփոխությունները, կարծում եմ, պետք է տեղի ունենան։ Այսինքն՝ համայնքի ղեկավարի ընտրությունը պետք է ամեն դեպքում չխոչընդոտվի, ու չպիտի լինեն նման հիմքեր դրա համար, օրինակ՝ դատական որոշումներ»։
Համայնքապետարանից ևս նշեցին, որ հարկ չեն համարել մասնակցել երեկվա դատական նիստին։ Պարզապես սպասում են դատաքննության ավարտին ու դատարանի վճռին, ասաց Վանաձորի համայնքապետի պաշտոնակատարի մամուլի քարտուղար Աստղիկ Ավետիքյանը. - «Ըստ էության, եթե քաղաքապետարանի աշխատակազմի աշխատանքի մասին է, պարալիզացված բան չկա, մենք մեր աշխատանքը շարունակում ենք անել։ Հետևաբար, արտահերթ նիստեր, ինչպես տեսնում եք, կայանում են, բյուջեն հաստատվել ա։ Ըստ էության, էդ մասով բողոքելու բան չունենք»։
Վանաձորում ճգնաժամն սկսվեց 2021-ի ընտրություններից անմիջապես հետո։ Դեռ ավագանու ընտրված անդամները մանդատներ չէին ստացել, կալանավորվեց ամենաշատ թվով ձայներ ստացած նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը։ Նա մեղադրվում է իր պաշտոնավարման 5 տարիներին կայացրած անօրինական որոշումների համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կալանավորվեցՔաղաքն անցած տարվա մայիսից ղեկավարում է վարչապետի կողմից նշանակված ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։