Նոր մեղադրանք է առաջադրվել ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Արշակ Հակոբյանի նկատմամբ։
Ըստ Գլխավոր դատախազության՝ մեղադրանքն առաջադրվել է փողերի լվացման և հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հոդվածներով:
Հակոբյանը 1997-2011 թվականներին ծառայել է Պաշտպանության նախարարությունում, 2011-2018 թվականներին զբաղեցրել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի տեղակալի և 5-րդ բաժնի պետի պաշտոնները, ինչպես նաև փաստացի կատարել է Ոստիկանության այժմ նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության ծառայության ղեկավարի գործառույթները։
Դատախազությունը մանրամասնում է՝ 2008-2010 թվականների ընթացքում Հակոբյանը ձեռք է բերել «Ուրբանիզմ-Պետրոլ» ընկերության 100 տոկոս բաժնեմասը և այն, իրավաբանորեն հաշվառելով նախկինում որևէ բնագավառում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացրած կնոջ և այդ պահին անչափահաս՝ 9-ամյա որդու անվամբ, նրանց միջոցով փաստացի մասնակցել է Ընկերության կառավարմանը:
Ըստ հաղորդագրության՝ «ստացված գումարների իրական բնույթն և հանցավոր ծագումը թաքցնելու ու խեղաթյուրելու նպատակով՝ Ա.Հ.-ն 2011-ին ձեռք է բերել Աբովյան քաղաքի 2-րդ արդյունաբերական թաղամասում գտնվող, 75 մլն դրամ արժողությամբ անշարժ գույքը (գրանցվել է կնոջ սեփականության իրավունքը), 2012-ին 120 մլն դրամով՝ Երևանի Ամիրյան փողոցում գտնվող անշարժ գույքերը (գրանցվել է կնոջ սեփականության իրավունքը), 2013-ին 204 մլն 250 հազար դրամով՝ Երևանի Հանրապետության փողոցում գտնվող անշարժ գույքը (գրանցվել է իր և կնոջ սեփականության իրավունքը), իսկ 2014-ին 144 մլն 375 հազար դրամով՝ «ՕՎՍԱՍ» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասը (ընկերության անվամբ գրանցված է ք.Երևան, Մոսկովյան փողոցում գտնվող 207.9 քմ տարածքը, գրանցվել է դստեր սեփականության իրավունքը)»: Ապա Ա.Հ.-ն 2014-ին դրանք նվիրատվության ու առուվաճառքի ձևական պայմանագրերով օտարել է մտերիմներին:
Այսպիսով, ինչպես դատախազությունն է նշում, հիմնավորվել է, որ «Ա.Հ.-ն լվացել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 351 մլն 497 հազար 422 դրամը և 75 մլն դրամ արժեքով անշարժ գույքը»: Բացի այդ, «Ա.Հ.-ն, 2013-2014 Գասպարյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում թաքցրել և խեղաթյուրել է վերջինիս հանցավոր գործունեության արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 151 մլն 756 հազար դրամ ընդհանուր արժողության գույքը՝ լվանալով հանցավոր ճանապարհով ստացված այդ գույքը»: Ինչպես նաև նա «2018-ի մարտի 22-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված տարեկան հայտարարագրում՝ թաքցրել և դրանում չի ներառել 2017-ի օգոստոսի 23-ին բանկերից մեկի կողմից իրեն տրամադրված 100 հազար ԱՄՆ դոլար վարկի գումարը, որը հանգեցրել է նշված առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը»:
Ըստ դատախազության՝ նախաքննությունն ավարտվել է, 2022 թվականի դեկտեմբերից Հակոբյանը գտնվում է կալանքի տակ:
Դեռ 2021-ին Հակոբյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել` առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամուտների հայտարարագրման տվյալները թաքցնելու դեպքով՝ Հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստված նյութերի հիման վրա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ոստիկանության նախկին պաշտոնյա Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան