Թուրքական լիրայի ռեկորդային արժեզրկումը

Թուրքիայի ազգային տարադրամի՝ լիրայի արժեզրկումը շարունակվում է: Այսօր մեկ ամերիկյան դոլարն առավոտյան ժամերին բորսայում վաճառվել է 19.02 լիրայով: Մարտի 16-ի կեսօրին դոլարը վաճառվել է 18.99 լիրայով:

Վերջին շաբաթներին մեկ դոլարի փոխարժեքը տատանվել է 18.80-18.88 լիրայի սահմաններում: Նոր անկումը սկսվել է մարտի 5-ից:

2021 թվականին լիրան արժեզրկվել է մոտ մեկ երրորդով: Պատճառն, ըստ փորձագետների, Թուրքիայի կենտրոնական բանկի քաղաքականությունն է, որն իշխանության ճնշմամբ շարունակում է իջեցնել տոկոսադրույքը:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համոզմամբ, բարձր տոկոսադրույքը կառավարությանը զրկում է սղաճը և լիրայի արժեզրկումը զսպելու հնարավորությունից:

Սղաճը Թուրքիայում 2022 թվականին դարձել է սոցիալ-տնտեսական ամենալուրջ խնդիրներից մեկը: Մեծ թվով բնակիչների կենսամակարդակը կտրուկ անկում է գրանցել, տեղի են ունեցել բողոքի զանգվածային ակցիաներ:

Էրդողանը հավաստիացրել է, որ 2023-ին կառավարությունն ամեն բան կանի սղաճը կարգավորելու և սոցիալական վիճակը բարելավելու համար: