Ռուսաստանի իրավապահները ձերբակալել և ոստիկանության բաժանմունք բերման են ենթարկել տնային կալանքի պայմաններում գտնվող Եկատերինբուրգի նախկին քաղաքապետ Եվգենի Ռոյզմանին: Այդ մասին հայտնել է ընդդիմադիր ակտիվիստի փաստաբան Վլադիսլավ Իդամժապովը:
Ռոյզմանը մեղադրվում է ծայրահեղական բնույթի տեղեկություններ տարածելու համար: Ըստ իրավապահների՝ նա սոցցանցերում տարածել է Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիան» իրականացնող բանակը վարկաբեկող նյութեր:
Մինչ այդ Ռոյզմանն արդեն երեք անգամ տուգանվել է «իշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու» հոդվածով: Բացի այդ, նրա նկատմամբ հարուցվել է բանակը վարկաբեկելու հոդվածով քրեական գործ, որը դեռ ընթացքի մեջ է:
Դատարանը խափանման միջոց է ընտրել 14-օրյա կալանքը: Այսօրվա ձերբակալության առիթ է դարձել 2022 թվականի մայիսին «ՎԿոնտակտե» սոցցանցում տեղադրված մի հանրագիր, որի հետ Ռոյզմանը, փաստաբանի պնդմամբ, ընդհանրապես որևէ առնչություն չունի:
Իրավապահները հայտնել են, որ ըստ տնային կալանքի պայմանների՝ մեղադրյալը չունի ինտերնետ մուտք գործելու, ինչպես նաև գիշերային ժամերին տնից բացակայելու իրավունք: