Վտանգավոր միջադեպ՝ Սև ծովի օդային տարածքում

MQ-9 տեսակի ամերիկյան հետախուզական ԱԹՍ, արխիվ

Սառը պատերազմի ժամանակների մթնոլորտ Սև ծովի շրջանում

Նախօրեին Սև ծովի օդային տարածքում տեղի է ունեցել վտանգավոր միջադեպ, որն ակամա հիշեցրել է անցած դարի երկրորդ կեսի սառը պատերազմի մասին արտակարգ հաղորդագրություններ:

Միակ տարբերությունը, թերևս, այն էր, որ 1960-80-ական թվականներին անօդաչուներն այդքան լայնորեն չեն կիրառվել:

Su-27 տեսակի երկու ռուսական մարտական օդանավեր Սև ծովում հետապնդել են MQ-9 տեսակի ամերիկյան հետախուզական անօդաչուն, ագրեսիվ և վտանգավոր մանևրեր են կատարել, ինչի հետևանքով ԱԹՍ-ն վնասվել և ընկել է ծովը:

Su-27 և MQ-9

Առանձնապես մեծ սենսացիա չէ, երբ արևմտյան ու ռուսական օդանավերը, նկատելով միմյանց, սկսում են մեկ-մեկու ուղեկցել, հետապնդել, որսալ, սպառնալ, արգելում են մոտենալ սեփական օդային տարածքին և կատարում են սպառնալից գործողություններ, սակայն բախումներ որպես կանոն չեն պատահում: Կողմերը փոխադարձաբար բողոքներ են հայտնում և խոստանում են վերլուծել միջադեպը:

Բայց այս անգամ եղել է բախում ու օդանավի կործանում: Դա ինքնին վտանգավոր է ու կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, նույնիսկ երբ խոսքն անօդաչուի մասին է ու մարդկային կորուստ չկա:

Ռուս օդաչուների անպատասխանատու և ոչ պրոֆեսիոնալ գործողություններ. Փաթ Ռայդեր

Կողմերն իրարամերժ պարզաբանումներ են տալիս, Պենտագոնի տեսակետը հայտնել է ամերիկյան պաշտպանական գերատեսչության խոսնակ, օդուժի բրիգադի գեներալ Փաթ Ռայդերը:

«Ակնհայտ է, որ ռուս օդաչուները ոչ պրոֆեսիոնալ և վտանգավոր գործողություն են կատարել, կործանիչը նախ օդում անցել է անօդաչուից առաջ և վառելիքն է դուրս թափել, և ապա այնքան է մոտեցել, որ բախվել ու վնասել է MQ-9 անօդաչուի շարժիչը, մենք ենթադրում ենք, որ ռուսական օդանավն էլ է որոշ չափով վնասվել», - ասել է Պենտագոնի խոսնակը:

Ռուսական կործանիչը մի քանի անգամ է վառելիքը թափել անօդաչուի ուղղությամբ, հավանաբար, փորձելով վնասել դրա տեսախցիկներն ու կուրացնել:

«Դա սադրանք է, որի նպատակն է մեղադրել մեր օդաչուներին»

Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին բողոքի հայտարարություն է փոխանցել Ռուսատանի արտաքին գործերի նախարարություն, իսկ Վաշինգտոնում պետական դեպարտամենտ են կանչել և բողոք են հայտնել Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովին, վերջինս էլ Մոսկվայի տեսակետն է հայտնել:

«Ուզում եմ ընդգծել, որ ռուս օդաչուները չափազանց պրոֆեսիոնալ են գործել, զենք չի կիրառվել, ընդհարում չի եղել», - պնդել է դեսպանը:

Նա «կառուցողական» է որակել քննարկումները Պետական դեպարտամենտում և նշել, որ ինչ-ինչ հետևանքների խնդիր ամերիկացիները չեն արծարծել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ամերիկյան անօդաչուները Կիևի համար հետախուզական տվյալներ են հավաքում. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

Դեսպանն ասել է, որ անօդաչուն անջատված ռադարային սարքով է մտել տարածք, որը սահմանվել է իբրև «հատուկ ռազմական օպերացիայի» գոտի, ինչի մասին Ռուսաստանը միջազգային խողովակներով տեղեկացրել է բոլորին:

Դեսպանի խոսքով, Ռուսաստանն առճակատման գնալու մտադրություն չունի և կնախընտրի միջադեպը կարգավորել դիվանագիտական մակարդակով ու երկխոսությամբ: Ապա նա պնդել է, թե տեղի ունեցածը սադրանք էր:

«Մեզ սադրել են, որ հետո կշտամբեն, մեղադրեն ռուսաստանցի զինծառայողներին, նրանց մեղադրեն պրոֆեսիոնալիզմի բացակայության համար»,- ասել է Անտոնովը:

Ըստ ռուսների, ԱԹՍ-ն կործանվել է կտրուկ մանևրի հետևանքով

Միջադեպի վերաբերյալ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության պարզաբանումը խոսնակ Իգոր Կոնաշենկովն է ներկայացրել: Նա հայտնել է, որ անօդաչուն թռնում էր Ռուսաստանի սահմանի ուղղությամբ, հանգամանքները պարզելու համար օդ են բարձրացվել երկու կործանիչներ:

«Կտրուկ մանևրի արդյունքում Մոսկվայի ժամանակով մոտավորապես 9:30-ին անօդաչուն կորցրել է կառավարելիությունը և բախվել է ջրի մակերեսին»,- ասել է ՌԴ ՊՆ խոսնակը:

ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները «խղճուկ վիճակում են»

Արդյո՞ք սա կվատթարացնի երկու գերտերությունների առանց այն էլ ճգնաժամային հարաբերությունները: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե Պաշտպանության նախարարության պարզաբանմանն ավելացնելու բան չկա:

«Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա դրանք ամենացածր աստիճանի են, խղճուկ վիճակում, անշուշտ յուրաքանչյուր կողմ իր շահերն է պաշտպանելու, բայց Ռուսաստանը չի հրաժարվել և հիմա էլ չի հրաժարվում կառուցողական երկխոսությունից»,- ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակը:

«Ռուսները կարծում են, թե Սև ծովը նրանց ներքին լիճն է»

Ինչո՞ւ են ռուսները զայրանում, երբ օտար ուժեր են հայտնվում Սև ծովի շրջանում: Այդ մասին խոսել է Վաշինգտոնում տեղակայված ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Թոմ Քարաքոն:

«Դժբախտաբար, ռուսները համոզված են, թե Սև ծովը նրանց ներքին լիճն է, թեպետ իրավունքի տեսակից դա միջազգային ջրեր է համարվում: Նրանք դա չեն սիրում, բայց այդ հանգամանքը պաշտպանում է Միացյալ Նահանգներին Ռուսաստանի օդային տարածք ներխուժելու մասին մեղադրանքներից»,- ասել է փորձագետը:

Պետք է տրվի կոշտ պատասխան

Նրա համոզմամբ, Միացյալ Նահանգները բոլոր դեպքերում պետք է ցույց տա, որ նմանօրինակ կեցվածք չի հանդուրժի:

«Նախևառաջ պետք է տրվի հաստատակամ կոշտ պատասխան, ռուսները չպետք է մտածեն, թե մենք թույլ ենք կամ անվճռական և դրանից ելնելով հետագայում մի նոր նման սադրանք անեն, անորոշություն չպետք է թույլ տալ, բոլոր գծերը պետք է հստակ սահմանվեն»,- ասել է փորձագետը:

Պենտագոնն արդեն հայտնել է, որ ամերիկյան անօդաչուները կշարունակեն օրինական թռիչքները Սև ծովի միջազգային տարածքում: