Ներկայացվեց լիտվացի բանաստեղծ, Նարեկացու «Մատյանի» թարգմանիչ Սիգիտաս Գյադայի կյանքին ու ստեղծագործության նվիրված մենագրությունը

Սիգիտաս Գյադա

Գրականագետ, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանը հրատարակել է լիտվացի նշանավոր բանաստեղծ Սիգիտաս Գյադայի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված իր մենագրությունը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանում։

Ինչպես հանդիսության մեկնարկից առաջ «Ազատությանը» տված հարցազրույցում շեշտում էր Բախչինյանը, լիտվացի բանաստեղծ Սիգիտաս Գյադան դեռ 1999 թվականին թարգմանաբար լիտվերեն է հրատարակել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, որը Լիտվայում վերահրատարակվել է 20 տարի անց. - «Երկրորդ անգամ [հրատարակվել է] 2019 թվականին Լիտվայում նախկին դեսպան պարոն Մկրտչյանի հովանավորությամբ։ Այս մարտի 15-ին Արվեստի և գրականության թանգարանում պիտի լինի և' իմ մենագրության գինեձոնը, և' Սիգիտաս Գյադայի ծննդյան 80-ամյակին նվիրված միջոցառում, որին պիտի մասնակցեն նաև Լիտվայից ժամանած գիտնականներ, գրականագետներ։ Եվ կարծում եմ, դա կլինի ծանոթություն լիտվացի մեծ բանաստեղծի հետ, որը, դժբախտաբար, չգնահատվեց Հայաստանում. Նարեկացին ամբողջությամբ թարգմանելը բավականին լուրջ և դժվար գործ է։ Ի պատիվ Սիգիտաս Գյադայի, դա ստացվեց շատ հրաշալի, բայց մեզ մոտ արձագանքի չարժանացավ։ Ես դիմեցի տարբեր ատյաններ, որ գոնե նրան ինչ-որ շքանշանով կամ նույնիսկ եկեղեցական շքանշանով պարգևատրեն... ձայն բարբառո հանապատի, ինչպես ասում են, ոչ ոք ուշադրություն չդարձրեց։ Ցավոք, նա այլևս չկա ֆիզիկապես»։

Ֆելիքս Բախչինյանը հույս ունի, որ լիտվացի մեծ բանաստեղծին նվիրված հուշ-երեկոն հայ ընթերցասեր հանրության համար ազդակ կլինի ոչ միայն ծանոթանալ Սիգիտաս Գյադայի ստեղծագործությանը, այլև այն մեծ հայանպաստ գործունեությանը, որը նա կատարել է՝ թարգմանաբար ներկայացնելով հայ բանաստեղծների ստեղծագործությունները լիտվերեն. - «Բացի Նարեկացուց, թարգմանել է նաև Վահագն Դավթյանի բանաստեղծությունների ժողովածուն, Զահրատի, Արտեմ Հարությունյանի, Ռազմիկ Դավոյանի բանաստեղծական շարքերը և հրատարակել լիտվական մամուլում»։

Հարցին, թե ինչու էր Գյադան այդպես կապված հայ պոեզիայի հետ, Բախչինյանն արձագանքեց. - «Կարծում եմ, պատճառը ես էի։ Երբ ուսանում էի Վիլնյուսի պետական համալսարանում և խնդրեցի Մեժելայտիսին, որը դեռ 69 թվականին սկսել էր թարգմանել Նարեկացին, նա ասեց՝ ես չեմ կարող, ծեր եմ, ուժերս չեն ների, և կանգ առանք Սիգիտաս Գյադայի վրա, ով կարողացավ այդ գործը ի կատար ածել։ Ես միշտ կապի մեջ եմ եղել նրա հետ։ Այդ մենագրության մեջ կան նաև նրա նամակները ուղղված ինձ։ Ես նրան օգնել եմ տողացի թարգմանությունների թե այլ լեզուներով թարգմանությունների հայթայթելու և իրեն ուղարկելու։ Եվ կարողացա 2004 թվականին հրատարակել նրա բանաստեղծությունների ժողովածուն՝ Ֆրունզիկ Կիրակոսյանի թարգմանությամբ, որի վերջաբանը ես եմ գրել, վերլուծել Սիգիտաս Գյադայի պոեզիան։ Եվ այսօր, երբ արդեն նրա 80-ամյակը լրացավ, կարծում եմ, այս միջոցառումը և գիրքը լավ նվեր կլինեն նրա հիշատակին»։

Բախչինյանը նաև նշեց, որ Նարեկացու «Մատյանի» թարգմանությունը Լիտվայում արժանացել է շատ մեծ արձագանքի. - «Նրանց նույնիսկ հոգևոր հովիվները՝ կսյոնձ Վացլովասը Սիգիտաս Գյադային իր ծննդյան 75-ամյակին ասել էր՝ դու անպայման դրախտ կգնաս, որովհետև այնպիսի հրաշալի թարգմանություն է, որ երբ ես Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Կանադայում էի ծառայում, կարդում էինք և լացում, և դու իրոք կգնաս դրախտ քո կատարած այդ հրաշք աշխատանքի համար։ Նաև իհարկե գրականագետները»։

Հավելենք, որ նշանավոր լիտվացի բանաստեղծ, թարգմանիչ, դրամատուրգ, հրապարակախոս Սիգիտաս Գյադայի ստեղծագործությունները հրատարակվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով։ Նա արժանացել է հեղինակավոր գրական և մշակութային կոչումների, մրցանակների և պարգևների ոչ միայն իր հայրենիքում, այլև այշխարհի տարբեր երկրներում։