ԱՄՆ-ն հայտնում է ռուսական Սու-27-ի և ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ի բախման մասին

Արխիվ

Ռուսական Սու-27 (Су-27 ) կործանիչը Սև ծովի վրա բախվել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքին, հայտնում է ԱՄՆ զինված ուժերի Եվրոպական հրամանատարությունը (EUCOM): Ենթադրվում է, որ անօդաչու թռչող սարքն ընկել է միջազգային ջրային տարածքում։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին արդեն տեղեկացրել են Սև ծովում ռուսական Су-ի և ամերիկյան անօդաչու թռչող սարքի միջև տեղի ունեցած օդային միջադեպի մասին, հայտնել են Սպիտակ տնից:

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը կանչվել է Պետքարտուղարություն։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ամերիկյան անօդաչու թռչող սարքը կտրուկ մանևրի պատճառով ընկել է Սև ծովը, ռուսական կործանիչները չեն կրակել դրա վրա և որևէ շփում չեն ունեցել դրա հետ։

Ըստ հաղորդագրության, երեկ առավոտյան Սև ծովի վրա՝ Ղրիմի թերակղզու շրջանում, Ռուսաստանի օդային հսկողության ուժերը նկատել են, որ անօդաչուն թռչում է ՌԴ պետական սահմանի ուղղությամբ, և իրավիճակը պարզելու համար կործանիչներն օդ են բարձրացվել։

Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քըրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում, որպեսզի Սև ծովում կործանված ամերիկյան անօդաչու թռչող սարքի բեկորներն օտար ձեռքերում չհայտնվեն։

ԱՄՆ-ը մտադիր է շարունակել ռազմական ավիացիայի շահագործումը Սև ծովի տարածաշրջանում՝ չնայած անօդաչու թռչող սարքի միջադեպին, ասել է Քըրբին։