Հայկական կողմն օրերս Բաքվից ստացել է խաղաղության համաձայնագրի հայկական առաջարկների արձագանքը, այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը, թեև առանց որևէ հստակության, ասաց, թե որոշակի առաջընթաց տեսնում է, միևնույն ժամանակ, շտապեց հավելել՝ բանակցային ճանապարհին ի հայտ են գալիս ֆունդամենտալ խնդիրներ։
Ըստ Հայաստանի առաջնորդի, Ադրբեջանը փորձում է խաղաղության հնարավոր պայմանագրի միջոցով Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ձևակերպել, Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ձեռքբերել, ինչն, ըստ վարչապետի, հայկական կողմի համար կարմիր գիծ է։
«Համենայնդեպս դա մեր մեկնաբանությունն է, որովհետև հասկանալիորեն Ադրբեջանի առաջարկներում գրված չէ, որ սույն պայմանագրով Ադրբեջանը ստանում է Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մանդատ և թույլտվություն: Հասկանալի է, չէ՞, որ այդպես գրված չէ, սա մեր ընկալումն է, մեր մեկնաբանությունն է, որ բնականաբար, չի կարող հիմնազուրկ լինել: Եթե անհրաժեշտության դեպքում պետք լինի հիմնավորել, դա անհրաժեշտ է հիմնավորել, և եթե ես սա ասում եմ, նշանակում է՝ համոզված եմ», - ասաց վարչապետը:
Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ ստորագրված պայմանագրի կատարման երաշխիքների համակարգ չլինի։ Դա նույնպես Երևանի համար կարմիր գիծ է, ընդգծեց Փաշինյանը. - «Ինչո՞ւ նաև, որովհետև մենք այսօր ունենք գրված, ստորագրված, հրապարակված փաստաթուղթ, որը չի կատարվել: Խոսքը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին է»:
Ի՞նչ առաջընթաց է տեսել Փաշինյանը Բաքվի արձագանքում և կոնկրետ ո՞ր հացերի շուրջ կողերը համաձայնության չեն գալիս, հետաքրքրվեցինք վարչապետից։ Սակայն, Նիկոլ Փաշինյանը փակագծերը չբացեց։ Ճիշտ չի համարում առանձին պարբերության քննարկումը։ Վարչապետը վերստին հայտարարեց՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության համար միջազգային մեխանիզմի անհրաժեշտության մասին՝ կրկին առանց հստակություն մտցնելու, թե ինչ է իրենից ենթադրում դա։
«Հիմա շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը»
Երեկ Ադրբեջանի նախագահի վարչակազմն Արցախի ներկայացուցիչներին հրավիրել էր Բաքու՝ հերթական հանդիպման։ «Ազատությունը» հարցրեց, թե ի՞նչ դիրքորոշում ունի Երևանն այս հարցի վերաբերյալ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների» հետ երկրորդ հանդիպումն է նախաձեռնում՝ Բաքվում«Գնացին Բաքու, հետ կգա՞ն, թե՞ չէ: Էդ հարցի պատասխանն ո՞վ է տալու: Քմահաճույք չի, մեր խնդիրն է, որ պետք է տեղի ունենա և խոսացողը պետք է լինի լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներկայացուցիչը», - նշեց Հայաստանի վարչապետը:
Ընդգծելով Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և քաղաքականության աճը՝ Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ հիմա շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը՝ թե՛ Հայաստանի սահմանի երկայնքով, թե՛ Լեռնային Ղարաբաղում։
«Մենք համոզված ենք և 100 տոկոսով գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունը չի, որ նախաձեռնում է ագրեսիվ գործողություններ և էսկալացիա, այս է պատճառը, որ Հայաստանի Հանրապետությունը համաձայնվեց կամ որոշում կայացրեց հրավիրել Եվրամիության դիտորդներին», - ընդգծեց կառավարության ղեկավարը:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ Բրյուսելյան ձևաչափին, որն անցկացվում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Արդյո՞ք Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում սպասվում է, թե՝ ոչ, դարձյալ չհստակեցրեց, միայն հայտնեց, թե հայկական կողմը ֆունդամենտալ խնդիրներ է տեսել բրյուսելյան ձևաչափում։ Ասաց՝ այդ հանդիպումներում բազմաթիվ պայմանավորվածություններ են ձեռքբերվել, բայց դրանք չեն իրականացվել։ Ներկայացրեց, թե Երևանն ինչ է ակնկալում ձևաչափից։
«Ո՞րն է մեր վերաբերմունքը բրյուսելյան ֆորմատի նկատմամբ, մեր վերաբերմունքը հետևյալն է՝ մենք ասում ենք՝ մենք համաձայն ենք այդ ֆորմատով աշխատանքը շարունակելուն, բայց եկեք էն, ինչ որ պայմանավորվել ենք, սկսենք կետ-կետ պայմանավորվածություններն իրագործելուց, որովհետև եթե 10-ից ավելի պայմանավորվածություններ կան ու դրանք չեն իրագործվում, ի՞նչ իմաստ ունի նոր բան պայմանավորվելու շուրջ աշխատանքը կատարել», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Պատերազմը հայկական կողմը պարտվել է այն պատճառով, որ բանակում գործել է 5-րդ շարասյուն»
Շուրջ 4.5 ժամանոց ասուլիսի ընթացքում վարչապետն անդրադարձավ բազմաթիվ հարցերի, այդ թվում՝ 2020-ի պատերազմի արդյունքներին։ Հայտարարեց, թե պատերազմը հայկական կողմը պարտվել է այն պատճառով, որ բանակում գործել է 5-րդ շարասյուն։ Շեշտեց՝ այդ համոզմանն է եկել մի շարք փաստերի վերլուծությունների արդյունքում։ Խոսեց լրտեսության, պետական դավաճանության ու հողեր հանձնելու հոդվածներով մեղադրանքների մասին։
«Էսօրվա դրությամբ Զինված ուժերի նախկին 50-ից ավելի զինծառայողներ, այդ թվում՝ սպաներ, բարձրաստիճան սպաներ մեղադրվում են լրտեսության մեջ, պետական դավաճանության մեջ: Ես չգիտեմ՝ Հայաստանում մարդ կա՞, որ մտածում է այդ մարդկանց գլխին գործ են սարքել, եթե այդպես մտածողներ կան, դա շատ վատ է: Այսօր մենք կալանքի տակ ունենք բարձրաստիճան զինվորականներ այլ հոդվածներով», - ասաց Փաշինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԹԻ. Կոռուպցիայի ընկալման համաթվում Հայաստանը նահանջել էԳլխավոր դատախազությունից տեղեկացանք՝ 2020-2022 թվականների ընթացքում քննվել է պետական դավաճանության վերաբերյալ 20 քրեական վարույթ: Դրանցից 13-ը՝ 22 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան: Յոթ քրեական վարույթ՝ 34 անձի վերաբերյալ, ընթացքի մեջ է: Դատախազությունը, սակայն, չի հստակեցնում, թե պետական դավաճանության դեպքերի որ մասն է առնչվում պատերազմին, որը՝ հետպատերազմական ժամանակաշրջանին։
Վարչապետին այսօր բազմաթիվ հարցեր ուղղվեցին կոռուպցիայի, պետական պաշտոնյաների ձեռք բերած ունեցվածքի մասին։ Այս հարցերին ի պատասխան Փաշինյանը պնդում էր, թե Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա։ Մինչդեռ «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» վերջին զեկույցի համաձայն՝ կոռուպցիայի ընկալման սանդղակում Հայաստանը հետընթաց է գրանցել հինգ կետով։ Պատճառն, ըստ միջազգային կազմակերպության, պետական խնդրահարույց գնումները, վիճելի նշանակումները, օրենքների չկիրառումը։