Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, ամենօրյա ճեպազրույցում պատասխանելով Ադրբեջանի սահմանի երկայնքով Իրանի ռազմական օդանավի թռիչքի վերաբերյալ «Թուրան» գործակալության հարցին, ասել է, որ ԱՄՆ-ն անհանգստությամբ է հետևում լարվածությանը։
«Իրանը երկար ժամանակ վնասակար խաղացող է տարածաշրջանում։ Նրա չարամիտ ակտիվությունը սպառնում է մոտիկ և հեռու հարևաններին։ Մենք անհանգստությամբ ենք հետևում նման տեսակի լարվածությանը», - հայտարարել է Փրայսը և անցնելով Հարավային Կովկասի տարածաշրջանին՝ նշել․ - «Մեր մոտեցումը ներդրում կատարելն է Ադրբեջանի ու Հայաստանի հետ փոխգործակցությունում, որպեսզի Հարավային Կովկասը լինի ավելի կայուն, սակավ հակված հակամարտությունների և լարվածության»։
Երկուշաբթի օրվա ճեպազրույցը Նեդ Փրայսի համար վերջինն էր Պետդեպարտամենտի խոսնակի պաշտոնում։ Նա աշխատեց ավելի քան երկու տարի, նրա առաջին ճեպազրույցը տեղի է ունեցել 2021-ի փետրվարի սկզբին։
Անցած շաբաթավերջին Իրանի ռազմաօդային ուժերի օդանավը թռիչք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի երկայնքով։ Շաբաթ օրը Բաքվում Իրանի դեսպանը կանչվել էր Ադրբեջանի արտգործնախարարություն, որտեղ նրան բողոք էր հայտնվել, ըստ Բաքի ձևակերպման՝ այդ «սադրիչ և ոչ բարեկամական» թռիչքի կապակցությամբ։
Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին երեկվա ճեպազրույցում ասել է, որ Ադրբեջանի սահմանի մոտ իրանական ռազմական օդանավի թռիչքը սովորական երևույթ էր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Քանանի․ «Ադրբեջանի սահմանի մոտ իրանական ռազմական օդանավի թռիչքը սովորական երևույթ է»Բաքվում Իրանի դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ