Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդումը Պաշտպանության բանակի կողմից «Խոջալուի շրջանում ադրբեջանական դիրքերի» գնդակոծության մասին։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 13-ին և լույս 14-ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է», - ասված է Արցախի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է նաև, թե երեկ երեկոյան և գիշերը Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերով գնդակոծել են Քելբաջարի, Լաչինի և Դաշքեսանի շրջանների մի քանի բնակավայրերի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը։
Բաքվի պնդմամբ, հրադադարը խախտվել է 19 անգամ՝ ընդմիջումներով, ադրբեջանական բանակն էլ «համարժեք պատասխան գործողություններ» է ձեռնարկել։
Հայաստանի ռազմական գերատեսչությունը դեռ չի արձագանքել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը հաղորդում է հրադադարի խախտման մասին, Բաքուն` արձագանքում