«Ադրբեջանի սահմանի մոտ իրանական ռազմական օդանավի՝ շաբաթ օրն իրականացրած թռիչքը սովորական երևույթ է», - այսօր Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
«Իրանի սահմաներձ շրջանների դիտարկման ընթացքում մեր երկրի տարածքում նման թռիչքներ պարբերաբար իրականացվում են։ Նախկինում նման թռիչքներ ևս եղել են, և դրանում որևէ արտասովոր երևույթ չկա», - FARS գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
«Ադրբեջանի հետ մենք հարաբերություններ ունենք նաև պաշտպանական ոլորտում, մեր դեսպանատունն այնտեղ ակտիվորեն աշխատում է, մենք այնտեղ ռազմական կցորդ ունենք։ Կարելի էր դիմել Իրանի դեսպանատուն՝ կցորդին, և տեղի կունենար մտքերի փոխանակություն, թյուրիմացությունից հնարավոր կլիներ խուսափել», - նշել է Քանանին, ընդգծելով. «Ադրբեջանական կառավարության կողմից Իրանի դեսպանի հրավիրումը [ԱԳՆ] մենք չենք կարող բարի նպատակներ հետապնդող քայլ որակել»։
Բաքվում Իրանի դեսպան Սայեդ Աբաս Մուսավին Ադրբեջանի ԱԳՆ էր հրավիրվել մարտի 11-ին, այն բանից հետո, երբ իրանական ռազմական օդանավը ընդհուպ մոտեցել էր հարևան երկրի սահմանին՝ Զանգելանի և Բիլյասուվարի հատվածներում։