Թեհրանն ու Վաշինգտոնը նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերել կալանավորների փոխանակման վերաբերյալ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Նա նշել է, որ եթե որևէ խոչընդոտ չլինի, փոխանակումը տեղի կունենա մոտ օրերս, փոխանցում է Mehr-ը։
Իրանի իշխանությունները շարունակ պնդել էին, որ այս հարցը դիտարկվի միջուկային համաձայնագրից առանձին։ 2021 թվականի հունվարի վերջին Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլին Reuters-ին տված հարցազրույցում ասել էր, որ Վաշինգտոնը դժվար թե Թեհրանի հետ համաձայնագիր կնքի միջուկային գործարքը վերականգնելու վերաբերյալ, եթե իրանական կողմը չազատի չորս ամերիկացի քաղաքացիների՝ Էմադ Շարգիին, Մորադ Թահբազին, Բեյքեր Նամազին և նրա որդուն՝ Սիամակին։ Ապա հայտնի դարձավ, որ Բեյքեր Նամազին Օմանի աջակցությամբ ազատվել է իրանական բանտից և վերադարձել ԱՄՆ։
Իրանի դատական համակարգի ղեկավարի միջազգային հարցերով տեղակալ Ալի Բաղերիի խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները պահում են Իրանի շուրջ 15 քաղաքացիների, ովքեր մեղադրվում են ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու փորձի մեջ։