Իրանն ու Սաուդյան Արաբիան կարգավորում են հարաբերությունները՝ Պեկինի միջնորդությամբ

Իրան-Սաուդիան-Արաբիա բանակցություններից հետո հայտարարության հրապարակում, Պեկին, 10-ը մարտի, 2023թ․

Իրանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են կարգավորվել 2016 թվականից խզված հարաբերությունները։ Այս մասին համատեղ հայտարարությունը տարածվել է ուրբաթ երեկոյան Չինաստանի մայրաքաղաք Պեկինում։

Reuters-ի տեղեկություններով՝ հայտարարության հրապարակմանը նախորդել են քառօրյա գաղտնի բանակցությունները, որոնց նախաձեռնողը եղել է չինական կողմը։

«Բանակցությունների արդյունքում Իրանի Իսլամական Հանրապետությունն ու Սաուդյան Արաբիայի թագավորությունը պայմանավորվել են առավելագույնը երկու ամսվա ընթացքում վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և վերաբացել երկու երկրների տարածքում գործող դիվանագիտական ներկայացչությունները», - նշված է հայտարարության մեջ։

Փաստաթղթի տակ ստորագրել են Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին և Սաուդյան Արաբիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մուսաիդ ալ-Այբանը։

Երկու երկրների միջև հարաբերությունները կտրուկ կերպով վատթարացել էին 2016 թվականին՝ այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայիում մահապատժի էր ենթարկվել թագավորությունում բնակվող ամենահայտնի շիա հոգևորականներից մեկը։