Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 48 հազարին

Փետրվարի 6-ի երկրաշարժի հետևանքները, արխիվ:

Թուրքիայում փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից զոհվել է 47 հազար 935 մարդ: Այդ մասին այսօր Մալաթիայի բնական աղետների արձագանքման համակարգող կենտրոնում ասել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն: Նրա խոսքով, զոհվածների թվում կան առնվազն 6 հազար 265 օտարերկրացիներ:

Նախարարն ասել է, որ աղետի գոտում սկսվել է 209 կոնտեյներային ավանների կառուցումը: Ընդհանուր հաշվով նախատեսվում է տեղադրել 108 հազար կոնտեյներներ, որոնցից մոտ 16 հազարն արդեն տեղադրված են:

Այս տարվա փետրվարի 6-ին Թուրքիայում առավոտյան 4-ն անց 17-ին տեղի է ունեցել 7.7 մագնիտուդով ստորգետնյա ցնցում, որին 13-ն անց 24-ին հաջորդել է 7.6 մագնիտուդով երկրորդ ցնցումը:

Երկրաշարժն ավերիչ հարված է հասցրել նաև Սիրիային, որտեղ, ըստ ոչ պաշտոնական տվյալների, ավելի քան 7 հազար 200 մարդ է զոհվել:

Փետրվարի 6-ի ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Լիբանանում, Կիպրոսում և Իրաքում: