Լավրով. «Նյու Դելիում Բլինքենի հետ կարճատև հանդիպումը կառուցողական էր, բայց նրանից ոչ մի նոր բան չլսեցի»

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Մեծ քսանի» հավաքում, Նյու Դելի, 3 մարտի, 2023թ.

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ռուսական հեռուստակայանի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Հնդկաստանում «Մեծ քսանի» արտաքին գերատեսչությունների ղեկավարների հավաքում մարտի 2-ին իր կարճատև հանդիպումը Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ կառուցողական էր, բայց ինքն ամերիկացի պաշտոնակցից որևէ նոր բան չի լսել:

«Մեր զրույցը կառուցողական էր, առանց էմոցիաների, մենք մեկ-մեկու ձեռքը սեղմեցինք, երբ հանդիպեցինք, «ցտեսություն» ասացինք բաժանվելիս, դա նորմալ խոսակցություն էր: Չգիտեմ, թե որքանով են ԱՄՆ-ում ըմբռնում այն աննորմալությունը, որ խզել են {մեր երկրի հետ} հաղորդակցության բոլոր ուղիները: Բայց մարդավարի խոսել որևէ միջոցառման շրջանակներում, դա երբեք ինչ-որ սենսացիա չի եղել»,- ասել է Լավրովը:

Նա նշել է, որ Բլինքենից որևէ նոր բան չի լսել այդ զրույցի ընթացքում: Նա ամերիկացի պաշտոնակցին ներկայացրել է Մոսկվայի տեսակետը ռազմավարական սպառազենի պայմանագրի վերաբերյալ և ներկայացրել է դրան Ռուսաստանի մասնակցությունը սառեցնելու դրդապատճառները: