Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Կիևում ընդունել է Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինին:
Հանդիպման ընթացքում Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ֆինլանդիային ռուս-ուկրաինական պատերազմում ցուցաբերած աջակցության համար:
«Շնորհակալ եմ Ֆինլանդիային հրասայլերի հարցում մեզ ակտիվորեն օգնելու համար: Համոզված են, որ այս բնագավառում մեր համագործակցությունը համապատասխանում է և՛ Ուկրաինայի, և՛ Ֆինլանդիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը երաշխավորելու հրամայականին»,- ասել է Զելենսկին:
«Մենք ապրում ենք խավարի ժամանակներում, բայց կա նաև հույս, և դա այն է, որ մենք միավորվել ենք, սատարում ենք սանկցիաներին, տնտեսական և ռազմական օգնություն ենք տրամադրում Ուկրաինային: Մենք միավորված ենք և պաշտպանում ենք մեր արժեքները, և Ուկրաինան ռազմի դաշտում իր պայքարով եվրոպական արժեքներն է պաշտպանում»,- ասել է վարչապետ Մարինը:
Նախագահ Զելենսկին Ֆինլանդիայի վարչապետին նաև հավաստիացրել է, որ Ուկրաինան ոչ մի կապ չունի «Հյուսիսային հոսք» անդրջրյա գազատարների ոչնչացման հետ: