Լավրով. «Վրաստանում օտարերկրյա գործակալների օրինագծի շուրջ վիճակը Կիևի Մայդանն է հիշեցնում»

ՌԴ արտաքին գործերի նախպարար Սերգեյ Լավրովը, արխիվ, Մոսկվա, 15 փետրվարի, 2023թ.

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ռուսական Առաջին հեռուստաալիքի եթերում ասել է, որ Վրաստանում «Օտարերկրյա գործակալների» օրինագծի շուրջ ծավալվող իրադարձությունները հիշեցնում են Կիևում «Մայդանը», որի նպատակն էր ուժով իշխանափոխություն կատարել:

Այդ մասին նա ասել է հարցազրույցում, որը եթեր է հեռարձակվել «Բոլշայա իգրա» («Մեծ խաղ») քաղաքական հեռուստածրագրի ընթացքում:

«Շատ է նման կիևյան մայդանին: Ոչ մի կասկած չկա, որ ֆինանսավորման 20 տոկոսից ավելին արտասահմանից ստացող ոչ կառավարական կազմակերպությունների գրանցումը սոսկ պատրվակ էր, որին կհաջորդի ուժով իշխանությունը փոխելու գործընթաց»,- ասել է Լավրովը:

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև «կեղծավորություն» է անվանել Վրաստանի իրադարձությունների վերաբերյալ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մեկնաբանությունները:

«Չնայած այն հանգամանքին, որ մի շարք եվրոպական երկրներում գործում են {օտարերկրյա գործակալներին առնչվող} նույն կանոնները, որոշ դեպքերում նույնիսկ ավելի խիստ, պարոն Բորելը միանգամից, առանց աչքը թարթելու, հայտարարեց, թե «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջ տարած օրինագիծը հակասում է եվրոպական արժեքներին և խոչընդոտում է Վրաստանի ճանապարհը դեպի Եվրամիություն: Ընդհանուր հաշվով դա ակնհայտ կեղծավորություն է»,- ասել է Լավրովը:

Նրա համոզմամբ, Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները «կառավարվում են դրսիցմ և դրանց նպատակն է ստեղծել գրգռիչ գործոն Ռուսաստանի սահմանի մոտ»: