Կրեմլի խոսնակ. Ռուսաստանը կապ չունի Վրաստանի իրադարձությունների հետ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Ռուսաստանը որևէ առնչություն չունի Վրաստանի իրադարձությունների հետ։ Միաժամանակ նա նշել է, որ Վրաստանը ամեն դեպքում հարևան երկիր է, և չնայած «որպես այդպիսին, հարաբերություններ չկան, այնտեղի իրավիճակը չի կարող չառաջացնել մեր մտահոգությունները»։

«Մեզ համար կարևոր է, որ մեր սահմանների շրջագծում հանգստություն լինի։ Այստեղ, իհարկե, ավելի լավ իրավիճակ է ցանկալի»,- ասել է Պուտինի խոսնակը Վրաստանի իրադարձությունների մասին։

Վրաստանի խորհրդարանի կողմից մարտի 7-ին «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունմանը հաջորդեցին ցույցերը, բողոքի, անհնազանդության ակցիաները Թբիլիսում, որոնք ոստիկանությունն ուժի գործադրմամբ ցրում է:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և «Ժողովրդի ուժ» հասարակական շարժումը այսօր հայտարարել են օրինագիծը խորհրդարանից հետ կանչելու որոշման մասին, սակայն քաղաքացիական ակտիվիստներն ասել են, որ Ռուսթավելիի պողոտայում երեկոյան նախատեսված ակցիան տեղի կունենա։